Պետք է հասկանալ՝ արդյոք այս քայլով ՌԴ-ն Ադրբեջանի միջոցով չի փորձում մեզ պահել իր ազդեցության գոտում

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության հիմնադիր-տնօրեն Էդգար Խաչատրյանի խոսքով՝ եթե Ռուսաստանը ցանկություն ունենար կոմունիկացիաները բացել, դա կաներ ավելի վաղ և չէր սպասի ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությանը:

Ըստ զրուցակցի՝ ռուսական կողմը պարզապես դեռ փորձում է ներկայանալ որպես կարևոր դերակատար ՀՀ-ում, և պատահական չէ, որ առաջինը ՌԴ-ից եկավ ցորենը:

«Մի կողմից կարելի է դրական գնահատել, որ ՀՀ-ի համար նախատեսված բեռները անխոչընդոտ անցնում են Ադրբեջանի տարածքով, մյուս կողմից մտահոգիչ է, որ մենք չենք դիվերսիֆիկացնում մեր տնտեսությունը, այսինքն՝ կրկին ՌԴ-ից է գալիս ցորենը»,- ասում է նա՝ անհանգստություն հայտնելով տվյալ փաստի համար:

Վերջինս կարծում է, որ ավելի լավ կլիներ այն ձեռք բերել Ուկրաինայից: Խաչատրյանի խոսքով՝ պետք է նաև հասկանալ՝ սա ՌԴ-ի և Ադրբեջանի միջև գործա՞րք է, թե՞ ոչ. «Այսինքն՝ ՌԴ-ն Ադրբեջանի միջոցով փորձի ՀՀ-ին պահել իր ազդեցության գոտում»:

Զրուցակիցն այն համոզմանն է՝ Ռուսաստանին դուր չի գալիս այն, որ ԱՄՆ-ն դերակատար է և գործոն: Նա նաև կարծիք է հայտնում, որ ՌԴ-ն այն դերակատարը չէ, որ աջակցելու է ՀՀ-ի ժողովրդավարական գործընթացներին կամ ինքնիշխանության պահպանմանը:

«ՌԴ-ն շահագրգռված չէ, որ ՀՀ-Ադրբեջան հակամարտությունը ավարտվի: ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու համար ռիսկերի հաշվարկներ պետք է անել և դրանք ներկայացնել հանրությանը՝ հասկանալու, թե որ ճանապարհով ենք գնում: ՀԱՊԿ-ից դուրս գալու պարագայում, կարծում եմ, սպառնալիք չկա: Տնտեսական սպառնալիքներ պիտի լինեն, դրանք հիմա էլ կան. Լարսը անընդհատ փակում-բացում են»,- ասում է Խաչատրյանը՝ հավելելով. «Օրինակ՝ ես չեմ ապրի մի Հայաստանում, որտեղ թեկուզ տնտեսական կայուն վիճակ լինի, բայց կորցրած լինենք սուվերենությունն ու ինքնիշխանությունը: Ինձ պետք չէ Հայաստան, որ դարձել է ՌԴ-ի ծայրագավառը»:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ սահմանի բացմանը, զրուցակիցը հույս է հայտնում, որ 2026 թվականին այն կբացվի. «Որպես պետություն պետք է պատրաստ լինենք կոմունիկացիաների ապաշրջափակմանը»:

Անդրադառնալով Գարեգին Բ-ի շուրջ բարձրացված աղմուկին՝ Խաչատրյանը նկատում է՝ Մոլդովայի դեպքում ևս ռուսական ուղղորդմամբ օգտագործվել են հոգևորականները:

Նա վստահ է, որ այսօր Հայաստանում եկեղեցու վրա հարձակում չկա՝ միաժամանակ ընդգծելով. «Որոշ հոգևորականներ իրենց պաշտոններից պետք է զրկվեն այն բանի համար, որ հայտարարություններ են անում՝ վնասելով ինքնիշխանության և ժողովրդավարության սկզբունքներին:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ