![]()
ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը վստահեցնում է՝ առաջիկա տասը օրերին ջերմաստիճանի անկում չի սպասվում:
«Երկիրը գտնվելու է տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, որոնք ձևավորելու են նորմայից մոտ 2-3 աստիճանով բարձր ջերմային ֆոն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:
Ըստ նրա՝ չոր եղանակը կպահպանվի. «Տեղումնաբեր պրոցեսներ, ցիկլոններ չունենք, որոնք սովորաբար տարվա այս ժամանակահատվածում լինում են կա՛մ միջերկրական, կա՛մ սև ծովի ավազաններից»:
Սուրենյանի խոսքով՝ բարձր ջերմային ֆոնը անոմալիա չի կարող համարվել, որովհետև գիտականորեն անոմալիա է կոչվում, երբ օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բաձր է 5-6 աստիճանով, իսկ մենք գործ ունենք 2-3 աստիճանի հետ:
Տեղումների սակավ լինելը, ըստ նրա, պայմանավորված է Իրաքի շրջաններից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների հետ, սակայն ակնկալվում է, որ նոյեմբերի 3-րդ տասնօրյակում որոշակի քանակությամբ տեղումներ կլինեն:
Հարցին՝ տեղումների սակավությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ, օրինակ, աշնանացանի վրա, Սուրենյանը պատասխանում է. «Քանի որ տարվա այս ժամանակահատվածում գոլորշացումը քիչ է, էական ազդեցություն չի կարող ունենալ: Աշնանացան հիմնականում կատարվում է լեռնային շրջաններում, իսկ լեռնային շրջաններում ջերմաստիճանն այդքան բարձր չէ, որ այդպիսի ինտենսիվ գոլորշացում տեղի ունենա հողից և առաջացնի նկատելի չորություն»:
Աշնան ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը (+38) գրանցվել է սեպտեմբերի առաջին տասնօրյակում Արարատյան դաշտում, ամենացածր ջերմաստիճանը՝ նոյեմբերի առաջին տասնօրյակում Աշոցքի հատվածում՝ մինուս 6-7 աստիճան:
Դիտարկմանը՝ երբեմն տաք աշունը հասարակության շրջանում սպասումներ է ձևավորում, որ նույնքան տաք ձմեռ է լինելու, Սուրենյանն արձագանքում է. «Աշնան տաք լինելը որևէ կոռելացիոն կապի մեջ չէ ձմռան հետ, որևէ գիտական կապ գոյություն չունի՝ տաք աշուն-տաք ձմեռ կամ ցուրտ աշուն-ցուրտ ձմեռ: Ձմռան մասին դեռևս կանխատեսում չունենք, դրանք պատրաստ կլինեն նոյեմբերի վերջին»:
![]()