![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանի՝ Թաքեր Կարլսոնի հետ ունեցած հարցազրույցին:
«Հոպարի Նարեկը հասել է մինչև Թաքեր Կարլսոն․ երևի Կարլսոնն անձամբ է խնդրել, որ Հայաստանի տնտեսական «հանճարը» գնա ԱՄՆ ու բացատրի, թե ինչու է գյուղում դպրոց կառուցելն անիմաստ, երբ կարելի է գործարան բացել, որտեղ մարդիկ կաշխատեն առանց կրթության ու առանց ապագայի հույսի։
Բայց խնդիրը ուրիշ տեղ է։ Սա նույնն է, ինչ հարուստի տղան փորձի աղջկան տպավորել ուղղաթիռով ու թանկ նվերներով՝ չհասկանալով, որ ամեն ինչ չէ, որ փողով է չափվում։ Կարող ես ամենաթանկ նվերները գնել, ուղղաթիռով գալ նրա մոտ, ուզածդ արտիստի համերգին տանել, բայց դրանով սիրտ չես շահի։
Հիմա Նարեկի պատմությունն էլ նույնն է․ ներքին լսարանի աչքին լուրջ երևալու համար գնացել է ԱՄՆ ու հիմա Հայաստանի քաղաքացիներից լուրջ դեմքով քվե է ակնկալում։
Փոխարենը գնա մարզեր, ձեր պլանավորած հանդիպումներից այն կողմ մարդկանց հետ մի քիչ շփվիր, լսիր իրական հոգսերը։ Գուցե այդ ժամանակ ծախսածդ փողն էլ անիմաստ չլինի, ու քո խոսքը գոնե մի քիչ հավատ ներշնչի։
Երևի չգիտես, բայց քաղաքացու ձայնը փողով գնելու ժամանակը վաղուց անցել է»,- գրել է նա։

![]()