![]()
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Նվեր Կոստանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ու նշելո, որ վերջին օրերին պարբերաբար տարածվում է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է 5-րդ ալիքի լրագրողը Ծափաթաղում տեղի ունեցած ահասարսուռ ողբերգության ֆոնին հարցազրույց վերցնում ընտանիքի անչափահաս անդամներից։
«Սա լրագրողական էթիկայի պարզագույն սահմանների կոպիտ խախտում է, որին ականատես ենք լինում։ Պարզապես անընդունելի է, երբ նման ցավալի դեպքերում որոշ լրատվամիջոցներ առավել շատ դիտումների և տարածումների համար անցնում են լրագրողական էթիկայի պահպանման և մարդու հիմնարար իրավունքների և արժանապատվության հարգման անքակտելի սահմանները:
Խնդրում և հորդորում եմ՝ նմանատիպ դեպքեր լուսաբանելիս պահպանել էթիկայի բոլոր նորմերը՝ ձեր գործողություններում առաջնորդվելով երեխայի լավագույն շահերով:
Մարդկային պատմությունները հնարավոր է ներկայացնել ու լուսաբանել առանց կրկնակի զոհականացման և հոգեբանական տրավմայի:
Երեխայի լավագույն շահը պետք է լինի ոչ միայն պետական մարմինների, այլև մեզնից յուրաքանչյուրի, այդ թվում՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների գործունեության առանցքում»,- նշել է նա:
Հիշեցնենք՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ծափաթաղ գյուղում 2025 թվականի հոկտեմբերի 27-ին ընտանիքի հոր կողմից գործադրած դաժան բռնության զոհ դարձած երեքամյա Տիգրանի քույր Վարդանուշ Օվանեսովան, եղբայրներ Ավագ, Ավետ, Արամայիս Օվանեսովները նոյեմբերի 4-ի երեկոյան պատկան մարմինների օժանդակությամբ իրենց բնակության մշտական վայրից ժամանակավորապես տեղափոխվել են խնամքի հաստատություն՝ «Մադրիգյան» երեխաների պաշտպանության կենտրոն:
Նոյեմբերի 4-ին Ծափաթաղում հուղարկավորել են 3-ամյա Տիգրան Օգանեսովին:
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ավելի վաղ մանրամասներ էր հայտնել դեպքից՝ հաստատելով, որ տեղի ունեցածը սպանություն է:
Նախարարի փոխանցմամբ՝ նրան հայրն է սպանել խեղդամահ անելու միջոցով: Նախարարի խոսքով՝ ըստ նախնական տեղեկությունների՝ երեխաները դրսում հանդիպել են իրենց հորը, ու հայրը խեղդամահ անելով սպանել է տղային, իսկ թե ինչու այդ հատվածում ավելի վաղ դին չեն կարողացել հայտնաբերել, նախարարը նշել է, որ հայրը դին մի քանի անգամ տեղափոխել է տարբեր հատվածներ:
![]()