Շմավոն Աթոյանի սպանության համար մեղադրվող անձը կալանավորված է

Բլոգեր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դավթաշեն Տարածքային կառույցի անդամ Շմավոն Աթոյանի սպանության համար մեղադրվող անձը կալանավորված է:

ՀՀ Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին. սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 25-ին՝ կեսգիշերն անց, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ստացվել է հաղորդում, որ Դավթաշենի երրորդ թաղամասում վիճաբանություն է եղել:

Մինչ իրավապահները ձեռնարկում էին անհետաձգելի գործողություններ, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ հրազենային վիրավորմամբ բուժօգնության տեղափոխված 33-ամյա Շմավոն Աթոյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Երևանի քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հանցագործությունը կատարել է մայրաքաղաքի Գևորգ Էմինի փողոցի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ