Շմավոն Աթոյանի սպանության դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ. ՆԳՆ-ից մանրամասներ էին հայտնել

Լրատվամիջոցներում շրջանառվում են տեղեկություններ Դավթաշենում Շմավոն Աթոյանի սպանության վերաբերյալ: Սա ներկայացվում է որպես նոր դեպք ու նշվում, թե սպանությունը տեղի է ունեցել գիշերը:

Իրականում, սպանությունը տեղի է ունեցել օրեր առաջ, ՆԳՆ ոստիկանությունն այդ մասին հաղորդագրություն է հրապարակել:

«Հոկտեմբերի 25-ին՝ կեսգիշերն անց, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ստացվել է հաղորդում, որ Դավթաշենի երրորդ թաղամասում վիճաբանություն է եղել: Նշված վայր է մեկնել օպերատիվ խումբ։

Մինչ իրավապահները ձեռնարկում էին անհետաձգելի գործողություններ՝ «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ հրազենային վիրավորմամբ բուժօգնության տեղափոխված 33-ամյա Շմավոն Աթոյանը գիտակցության չգալով մահացել է: Բացահայտման աշխատանքներին միացել են նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները։

Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի կրակված մեկ պարկուճ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Երևանի քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հանցագորությունը կատարել է մայրաքաղաքի Գևորգ Էմինի փողոցի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ։ Նա ձերբակալված է։

Հանգամանքները պարզվում են։ Ընթանում է նախաքննություն»,- ասվում էր ոստիկանության հաղորդագրության մեջ:

Նշենք՝ Շմավոն Աթոյանը բլոգեր էր, հանդիսանում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դավթաշեն Տարածքային կառույցի անդամ ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ