Կտրիճը անընդհատ հայհոյանք էր տալիս, իսկ Տեր հայրը կարմրած լսում էր. ուշագրավ պատմություն Վազգենյան դպրանոցից

Երեսպաշտության կրկեսը հաճախ թաքնվում է կեղծ սրբության և/կամ հայրենասիրության քողի տակ։ Ինձ բազմիցս բախտ է վիճակվել հայտնվել այդ կրկեսների կուլիսների հետևում, որտեղ գերագույն ու ծայրագույն տիտղոսակիրները իրենց թույլ են տալիս այն, ինչ ցանկացած հասարակ մահկանացու համարում է անընդունելի։

Մեր հասարակությունում վաղուց ձևավորվել է երկակի չափանիշների պարադիգմա, որտեղ նորմերն ու արժեքները գոյություն ունեն միայն որպես խորհրդանշական կառուցվածքներ, իսկ իրական վարքագիծը ցույց է տալիս դրանց անտարբերությունը լավագույն դեպքում։ Ժողովուրդը, հետևելով խմբային բարոյական տեսիլքներին, չի տեսնում սեփական թերացումները, և ցանկացած կասկած ընկալվում է որպես շեղում։

Ո՞րն է հայկական բարոյական արժանիքը. հաճախակի կլսես մաշած, նամշած ու սառած բարոյախոսներից ճոռոմապատումներ՝ իրենց պատկերացրած ազգային արժեքի և ինքնության, ավանդույթների ու սովորույթների վերաբերյալ։ Եվ երբ բանական քննադատությամբ մերկացնում ես վերջիններիս «կենացը», տակը մնում է միայն պրոյեկցիան։

Պրոյեկցիայի մեխանիզմը հաճախ է դրսևորվում քաղաքականության մեջ: Պրոյեկցիան թույլ է տալիս մաշածներին և սառածներին ոչ միայն արդարացնել սեփական հանցագործությունները, այլև մանիպուլյացնել հասարակության ընկալումը՝ վերածելով քննադատությունը անմեղների դեմ զենքի, իսկ անձնական չարիքը՝ հասարակական սպառնալիքի։

Նրանք, ովքեր խախտում են կանոնները, մեղադրում են ուրիշներին՝ սեփական հանցագործություններից ուշադրությունը շեղելու համար։ Մարդասպանը ձևանում է մարդասեր և մեղադրում անմեղին, կոռումպացված պաշտոնյան մեղադրում է մրցակցին կաշառակերության համար, իսկ պիղծը, առաքինի ձևանալով, քարոզում է սրբություն։

Եվ երբ մեղքի փոխանցումը կրում է քրոնիկական բնույթ, ապա այն վերածվում է պաթոլոգիկ պրոյեկտման, ինչն էլ հանգեցնում է իրականության խեղաթյուրման, բարոյալքման, ագրեսիայի շեշտակի աճին, մասսայական փսիխոզի և ցինիզմի։

Ժամանակակից ուսումնասիրություններն ավելի ու ավելի հաճախ արձանագրում են բարոյական և սեռական խախտումների համակարգային բնույթը կրոնական հաստատությունների ներսում: Պետական հետաքննությունները և ակադեմիական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հոգևորականների հանցագործությունները հաճախ ծածկել է հենց հիերարխիկ կառուցվածքը, որտեղ եկեղեցական կղերն ու անբիծ լինելու պաշտամունքը դուրս էին մղում ինքնաքննադատությունը։

Կուսակրոնության ուխտը վերածելով դոգմայի՝ նպաստավոր մթնոլորտ է ստեղծում բռնարարության, գաղտնի պրակտիկաների և հանցանքների թաքցման համար։ Այս ամենը վկայում է հաստատության խորքային հիվանդության մասին, երբ հոգևոր մաքրությանը կոչված իշխանությունը վերածվում է հոգեբանական պրոյեկցիայի և բարոյական ինքնախաբեության մեխանիզմի։ Եվ ՀԱԵ-ի սպասավորները նույնպես անմասն չեն մնացել այս համաշխարհային թրենդից։

Տասնյակ տարիներ առաջ ինչ-ինչ բերումներով շատ պատահաբար հայտնվել էի եկեղեցու կուլիսներում և անձամբ ճանաչում էի շատերին, այդ թվում՝ Գալստանյան և Պռոշյան «սրբազաններին», որոնք այդ ժամանակ դեռ Հայր սուրբ էին։

Արտերկրից ժամանած հյուր ունեի, որին ծանոթացնում էի Սևանի ավազանին։ Շրջագայելով լճի շուրջ՝ մենք ավարտեցինք մեր ծանոթությունը գեղամա գեղեցկուհու հետ և Սևանա թերակղզու հրվանդանի վրա հրաժեշտ տվեցինք մայրամուտին։

Մթնում էր, եկեղեցական համալիրում զբոսաշրջիկներ չկային, միայն Տեր Մինասի վերահսկողության ներքո դպրանոցի սաների շարասյունն էր կարգով-շարքով, գլուխները կախ, լուռ ու համեստորեն հեռանում։

Շատերն են բարձրացել ուղղաձիգ բազալտե աստիճաններով դեպի Սևանավանք, բայց ոչ բոլորն են նկատել, որ աստիճանների կեսից դեպի ձախ տանող մի շատ աննկատ և թաքնված արահետ կա, որը տանում է ներքև՝ մեծ սոճիների կողքով դեպի Վազգենյան դպրանոցի՝ ներկայիս ադմինիստրատիվ շենքի դիմաց (այն մինչ այդ ծառայել է որպես կացարան, իսկ ՍՍՀՄ ժամանակ՝ թանգարան)։

Իջնելիս մենք թեքվեցինք այդ արահետով։ Ես իջնում էի առջևից, հյուրս գալիս էր իմ հետևից։ Ուժեղացած քամու աղմուկի միջից ականջիս չդադարող գոռգոռոց հասավ, և մոտենալուն պես լսում էի հայերեն հայհոյանքների տեղատարափ։ Այդ պահին մտածեցի, թե որ մի անբարոյականն է սրբավայրերում իր կեղտոտ բերանը շախ տալիս։ Մի քանի քայլից հետո հասկացա, որ հայհոյանքները վերջին սեռական բնույթի էին: Եվս մի քանի քայլ, և դիմացներս մի տեսարան բացվեց, որը կոչվում է. «картина Репина «Приплыли.»»:

Մեզնից մոտ 6 մետր հեռավորության վրա երկու հոգևորական էին՝ մեկը՝ բաց մոխրագույն կապայով (զգեստ) և մանուշակագույն փակեղով (գլխարկ), ադամանդակուռ խաչը վրան։ Իսկույն ճանաչեցի. վեհափառն էր։ Եվ Կտրիճը աջ ու ձախ կտրում էր պիղծ հայհոյանքներով, իսկ դիմացը կանգնած էր Տեր հայրը՝ Տեր Մինասը, որը գլուխը կախ, ամոթից կարմրած, կամազուրկ լսում էր շնաբարո հայհոյանքների փսխումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ