Այս ճշմարտությունը դժվար է ընկալել, քանզի շնորհիվ հոպարի փողերի, պրոցեսը հակառակ է ընթացել. Ղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատագամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ-ում իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու, ինչպես նաև փողերի լվացման մեղադրանքով կալանավորված Սամվել Կարապետյանի եղբոր որդու՝ Նարեկ Կարապետյանի այն հայտարարությանը, թե դպրոցներ ու ճանապարհներ կառուցելու փոխարեն պետք է գործարաններ կառուցել:Դպրոցաշինությունը, բացի մարդկային կապիտալի մեջ ներդրում լինելուց, նաև կապիտալ ներդրում է։

«Դպրոցաշինությունն ու, մեծ հաշվով, շինարարությունը տնտեսության կարևոր ուղղություն են, որոնք իրենց հետևից, լոկոմոտիվի նման, քաշում են մի շարք այլ ոլորտներ։

Երբ հոպարի գանձը պրիմիտիվ եզրահանգում է անում և ասում է, թե դպրոցների փոխարեն պետք է գործարաններ կառուցվեն, որպեսզի մարդիկ աշխատատեղեր ունենան, ապա պետք է իմանա, որ դպրոցաշինությունն ու կապիտալ ներդրումները ոչ միայն տասնյակ հազարավոր աշխատատեղեր են ստեղծում, այլև հանդիսանում են բազմաթիվ գործարանների արտադրանքի սպառողը, առանց որի այդ գործարանները չեն կարող աշխատել։

Ավելին՝ առանց բարձրակարգ մանկապարտեզի, դպրոցի, ԲՈՒՀ-ի, այսինքն՝ առանց որակյալ կրթության, հնարավոր չէ ունենալ լավ մասնագետներ, ովքեր կստեղծեն բարձր զարգացած, տեխնոլոգիապես հզոր արդյունաբերություն և գործարաններ։

Հ.Գ. Նարեկ Կարապետյանի համար այս պարզ ճշմարտությունը դժվար է հասկանալ, քանզի նրա դեպքում՝ շնորհիվ հոպարի փողերի, պրոցեսը հակառակ հերթականությամբ է ընթացել։ Նա ծնվել է, միանգամից ունեցել է շատ փող, սկսել է աշխատել հոպարի «զավոդներից» մեկում, հետո նոր մտածել է կրթության մասին, և այժմ իր կրթական բացերը լրացնում է մեր քաղաքացիների «առողջության» հաշվին»,- գրել է Ղազարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ