Համարում եմ, որ մարդկանց մոլորեցրել են եւ դա կոնկրետ նպատակ է հետապնդել որոշ շրջանակների կողմից:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով դատարանում Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի հայտարարությանը՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանին, ասաց վերջինիս որդին՝ Լեւոն Քոչարյանը:
Հարցին՝ ի՞նչ եք զգում, երբ տուժողի հայրը դիմում է ձեր ընտանիքին, Քոչարյանը պատասխանեց. «Շատ վատ եմ զգում եւ շատ վատ եմ զգում, որ դա իրականութունը չէ….Դա կոնկրետ նպատակ է հետապնդել, մարդկանց վշտի վրա ինչ-որ նպատակներ հետապնդելով են դա արել», — ասաց նա, ապա հավելեց. «40 օրում պետք է բացահայտվե՞ր այդ ամենը, ի՞նչ եք կարծում»: Մեր դիտարկմանը, որ 40 օր նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանը ցավակցական խոսք ասե՞լ է զոհերի եւ վիրավորների հարազատներին, Լեւոն Քոչարյանը ասաց. «Ես չգիտեմ՝ եղել են, թե՝ ոչ»: Մեր ճշտող հարցին՝ իսկ դուք ցավակցե՞լ եք, նա պատասխանեց. «Ընդհանուր դեպքերի հետ կապված, կարծում եմ, եղել է զոհերի, բազմաթիվ վիրավոր ոստիկանների…»:
Մեր դիտարկմանը, որ սպանություններից մեկի դրվագով կալանավորվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը, Լեւոն Քոչարյանը արձագանքեց. «Առաջին շահագրգռված մարդիկ մենք ենք, որ սպանությունները բացահայտվեն, շատ ցավալի է, որ այդ ամեն ինչը փորձում են մեր հետ կապել»:
Քոչարյանի որդին՝ լրագրողների դիտարկմանն ի պատասխան, հերքեց լուրերը, թե ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի ակցիաները կազմակերպում է ինքը եւ դրա համար գումար է բաժանվում. Լեւոն Քոչարյանը ասաց. «Եթե կան փաստեր, խնդրում եմ, ինձ էլ ասեք, որովհետեւ ինձ իմ համար շատ ցավալի կլինի, եթե մարդ պետք ա գա էստեղ կանգնի, աջակցի գումարի համար»:
Հարցին, թե ձեզ չի՞ հետաքրքրում ակցիայի ժամանակ հավաքվածներին պիցցան, սառը ջուրը որտեղից, Քոչարյանն ասաց, որ իր ընկերներից ակցիային մարդիկ կան, ովքեր փորձում են մարդկանց հարմարավետությունը կազմակերպել: Ճշտող հարցին՝ եթե այս հարմարավետությունը չկազմակերպվի, նրանք կգա՞ն ակցիային, Լեւոն Քոչարյանը ասաց, որ իր կարծիքով կգան:
Քոչարյանն անդրադարձավ նաեւ իրենց ընտանիքի հարստացման թեմային՝ ասաց. «Եթե խոսքը միլիարդների մասին է… եկեք այսպես պայմանավորվենք՝ միլիարդավոր դոլարները գտեք, բոլորովս կիսվում ենք, գտեք՝ որտեղ է պահված, միասին կիսվենք»:
Հարցին՝ երբ Ռոբերտ Քոչարյանը նախագահ դարձավ, քանի՞ ունեցված ունեիք, Լեւոն Քոչարյանը պատասխանեց, որ տեղյակ չի: Մյուս հարցին՝ դուք այդ ժամանակ որտե՞ղ եք ապրել, Քոչարյանը պատասխանեց. «Մենք տարիներ շարունակ ապրել ենք կառավարական ամառանոցներում»: Ճշտող հարցին՝ ձեզ չի՞ հետաքրքրել այդ ունեցվածը որտեղից, Քոչարյանի որդին արձագանքեց. «Ինձ հետաքրքրել է այնքանով ինչքանով դա կա, տեսնում եմ»,- ասաց նա՝ պնդելով, որ ունեցվածքը վաստակել են արդար քրտինքով եւ այդ ճանապարհին ապօրինություններ թույլ չեն տվել։
Հիշեցնենք, որոշ տեղեկությունների համաձայն՝ Քոչարյանի որդիները զինվորական ծառայությունն ավարտելուց հետո, կամ դրանից շատ չանցած իրենց հաշվին ունեցել են տասը եւ ավելի միլիոն դոլար:
Իսկ նրանց մնացած բիզնեսների մասին մամուլում տարբեր ժամանակներում գրվել է: Կոնկրետ «Կոնգրես» հյուրանոցի դեպքում Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման եւ հարկերից խուսափելու համար: Գործը քննվում է ԱԱԾ-ում:
Աղբյուր՝ armtimes.com