![]()
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այս որոշումը անսպասելի չէր, սակայն խորհրդանշական է՝ և՛ տարածաշրջանային քաղաքականության, և՛ Բաքու-Բրյուսել հարաբերությունների համատեքստում։ Ալիևի չմասնակցելը սովորական դիվանագիտական ժեստ չէ, այն ունի հստակ քաղաքական ուղերձ՝ ուղղված թե՛ Հայաստանին, թե՛ Եվրոպային։
Ալիևի վարքագիծը վերջին տարիներին հետևողականորեն կառուցվել է մեկ սկզբունքի շուրջ՝ միշտ հանդես գալ առավելագույն պայմաններով։ Երևան այցելել որպես հյուր՝ նշանակում էր ընդունել Հայաստանի դերը եվրոպական հարթակի կազմակերպչի և նախաձեռնողի կարգավիճակում։ Դա, Բաքվի պատկերացմամբ, Հայաստանը կդարձներ՝ թեկուզ խորհրդանշական, բայց հավասար կամ նույնիսկ նախաձեռնող կողմ։
Ալիևը, ըստ ամենայնի, չի ցանկացել հայտնվել մի միջոցառման սրահում, որտեղ հարթակը ձևավորվել է Հայաստանի տարածքում, հայկական օրակարգով, եվրոպական աջակցությամբ։ Սա կխաթարեր Բաքվի վերջին տարիների դիվանագիտական խաղը՝ «ուժի դիրքերից» հանդես գալու և «ներկայացումների դաշտը» մշտապես վերահսկելու մասին։
Ալիևի որոշումը ցույց է տալիս նաև, որ Բաքուն աստիճանաբար փորձում է նվազեցնել իր մասնակցությունը եվրոպական միջնորդությամբ ընթացող ձևաչափերին։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը կարող էր դառնալ հերթական փորձը՝ վերականգնելու ԵՄ-ի դերակատարությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում, հատկապես այն բանից հետո, երբ խաղաղության բանակցությունները տեղափոխվել են Վաշինգտոն։
Բաքուն գիտի, որ ԵՄ հարթակը Հայաստանի համար քաղաքական և դիվանագիտական առումով բավական հարմար է։ Եվ այդ պատճառով նաև Ալիևը հրաժարվում է խաղալ կանոններով, որոնք կարող են իր վերահսկողությունից դուրս մնալ։ Այսպիսով, նրա որոշումը նաև Եվրոպային շանս չտալու քայլ է։
Ալիևի որոշումը հարված է ԵՄ-ի հեղինակությանը՝ հատկապես այն դեպքում, երբ Ադրբեջանը ակնհայտորեն ընտրում է չեզոք կամ նույնիսկ հակաեվրոպական դիրք։
Երկարաժամկետ հեռանկարում Ալիևի այս մոտեցումը կարող է մեկուսացնել Ադրբեջանին՝ զրկելով նրան միջազգային վստահությունից և հավասարակշռված հարաբերություններից։
Չպետք է անտեսել նաև Ադրբեջանի ներքաղաքական գործոնը։ Ալիևը ներկայում փորձում է պահել «հաղթանակած առաջնորդի» իմիջը՝ խուսափելով ցանկացած հարթակից, որտեղ կարող է ստիպված լինել երկխոսել Հայաստանի ղեկավարության հետ որպես հավասար գործընկեր։
Ներքին լսարանի համար նա փորձում է ցույց տալ, թե իբր Բաքուն չի գնում Երևանի օրակարգով, և Հայաստանն է ձգտում հանդիպումների։
Այս մոտեցումը ծառայում է իր ներքին քարոզչական կարիքներին՝ պահելու ուժի և վերահսկողության պատրանքը, հատկապես տարածաշրջանային փոփոխվող հավասարակշռությունների պայմաններում։
Հայաստանի համար սա ևս մեկ հնարավորություն է՝ ցույց տալ, որ խաղաղության նախաձեռնողը միշտ հաղթում է երկարաժամկետ կտրվածքով, նույնիսկ եթե մյուս կողմը ժամանակավորապես խուսափում է հանդիպումներից։
![]()