![]()
«2026 թվականին Առողջապահության նախարարությանը նախատեսվում է հատկացնել 210 մլրդ 911 մլն դրամ: Այն 2025 թվականի համեմատ ավելի է 44 մլրդ 313 մլն դրամով՝ պայմանավորված հաջորդ տարի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմամբ»:
Այս մասին հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ առողջապահության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հոկտեմբերի 30-ի համատեղ նիստում ներկայացնելով գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթով առողջապահության ոլորտի հատկացումները:
Վահե Հովհաննիսյանն ընդգծել է, որ տարբեր երկրներում համակարգի ներդրումն ուղեկցվել է ծախսերի զգալի աճով, և փաստել, որ բավարարվել է այդ ուղղությամբ նախարարության ներկայացրած պահանջը:
![]()
«2026 թվականի բյուջեն առողջապահության ոլորտի համար պատմական բյուջե է»,- նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարը տեղեկացրել է, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին առնչվող նախաձեռնությունը վերջնական շտկումների փուլում է և առաջիկա օրերին կուղարկվի Կառավարություն: Գերատեսչության ղեկավարը հավելել է, որ իրենց նպատակը մինչև տարեվերջ օրենքն ընդունելն է:
Խոսելով իրականացվող քաղաքականության և հաջորդող քայլերի մասին՝ Անահիտ Ավանեսյանը նշել է, որ երեք տարիների ընթացքում աստիճանաբար պետական պատվերը ծրագրից կհանվի, և շահառուների կարիքները կտեղափոխվեն ապահովագրության ծրագրի շրջանակ: Երրորդ տարում հիմնական բյուջետային տողը նվիրված կլինի ապահովագրությանը: Կլինեն նվազագույն ծառայությունների շրջանակներում փոխհատուցվող դեպքեր:
Նշվել է, որ նույն ընթացքով շարունակվելու են կապիտալ շինարարությունները: Կապիտալ ծախսերը 2026 թվականին կազմելու են 12.3 մլրդ դրամ: Շարունակվելու են մարզային բժշկական կենտրոնների կառուցման ու վերակառուցման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանն իր ենթակայությամբ գործող պոլիկլինիկաներում ևս կապիտալ ծախսեր իրականացնում է: Նախարարությունը զբաղվում է մարզային պոլիկլինիկաների և ամբուլատորիաների վերափոխմամբ: Մեկնարկել են 20-ից ավելի ամբուլատորիաների շինարարական աշխատանքները. հաջորդ տարի այդ թիվը կավելանա:
«Մեր նպատակն է, որ հաջորդող տարիներին 50 ամբուլատորիաներ վերափոխվեն, վերակառուցվեն և համալրվեն նորագույն պահանջներին համապատասխան տեխնիկայով»,- շեշտել է նախարարը:
Կարևորվել է մինչև ապահովագրության համակարգի ընդունումը առողջապահական ծառայությունների փոխհատուցման ծավալի, որակի և շահառուների խմբի ընդլայնումն ու վերափոխումը:
«Այս տարվա ընթացքում վերանայվել են պետպատվերի շրջանակում ծառայությունների գնային քաղաքականությունը, մանկաբուժական, վիրաբուժական ծառայությունների ծավալն ու գնային քաղաքականությունը, ինչը հանգեցնելու է թե՛ նոր սարքավորումներով հագեցման, թե՛ մասնագետների պատշաճ վարձատրության ապահովմանը: Նպատակն է, որ մեր գնման առաջարկը բժշկական կենտրոնների համար լինի պատշաճ, և մենք գնանք զարգացման ճանապարհով, ոչ թե գոյատևման բյուջե ապահովենք բժշկական կենտրոնների համար»,- ընդգծել է Անահիտ Ավանեսյանը:
Վերանայվում է վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության (էմերջենսի) ծառայությունների ամբողջ շղթայի գնային քաղաքականությունը:
Կարևոր բարեփոխումների շարքում նախարարը վկայակոչել է լիցենզավորման համակարգի վերանայումը բժշկական կենտրոնների և անհատների լիցենզավորման համար: Առաջին անգամ մեր ռեզիդենտներն ու օրդինատորներն անցնում են լիցենզավորման գործընթացով և ունենալու են անհատական լիցենզիաներ՝ սահմանափակ գործունեության շրջանակով: Վերջիններս հնարավորություն են ունենալու ուսումնառության ժամանակ առնչվելու պացիենտների հետ, իրենց վերադասի օգնությամբ աշխատելու և ապահովելու թե՛ պրակտիկ, թե՛ տեսական գիտելիքների ձեռքբերում, նաև էթիկայի նորմերի իմացություն: Հաջորդ տարվանից կմեկնարկի մասնագետների լիցենզավորման գործընթացը:
Անահիտ Ավանեսյանը նաև պատասխանել է պատգամավորների հարցերին:
![]()