![]()
«Որևէ նորություն չկա, այս պահին շարունակվում են որոնողական աշխատանքները նույն տեմպով, ոչ մի վայրկյան տեմպը չի թուլանում»:
Այս մասին՝ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողափրկարարական աշխատանքների մասին հարցին ի պատասխան լրագրողների հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան:
Հարցին, թե լրագրողների հետ զրույցում, երեխայի հորաքույրը նշել էր, որ Տիգրանի եղբայրը, ով խոսքի հետ կապված խնդիրներ ունի և վերջինն է եղել, ով տեսել է 3-ամյա եղբորը, հարցերին ի պատասխան բռնում է ինքն իր կոկորդից, դա ի՞նչ ենթադրությունների տեղիք է տվել մարզպետը պատասխանել է.
«Մեր կողմից ենթադրությունը եղել է այն, որ ինքը չի կարողանում խոսել, հասկացրել է, որ չի կարող իրեն ուղղված հարցերին պատասխանել, բացատրել և կոկորդը ցույց տալով, դա է նկատի ունեցել:
Չբացառելով ոչ մի վարկած, շարունակվում են աշխատանքները: Բոլոր վարկածները քննարկվում են, բոլոր ուղղություններով ուսումնասիրություն ենք իրականացնում»,-նշել է մարզպետն ու հավելել, որ որևէ հետք այս պահի դրությամբ չկա:
Մարզպետը, խոսելով ընտանիքի ծայրահեղ սոցիալական վիճակի մասին, հայտնել է, որ առաջիկայում ընտանիքը ֆինանսական աջակցություն կստանա, բայց ընտանիքում կան հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք ստանում են հաշմանդամության թոշակներ, բազմազավակ ընտանիքը նաև նպաստ է ստանում, առանձին եկամուտ կա վերջին երեխայի ծնունդով պայմանավորված՝ մինչև 6 տարեկանների աջակցության ծրագրով:
Սարգսյանը հավելել է, որ այս ամենից բացի առաջիկայում կփորձեն ընտանիքին ընդգրկել լրացուցիչ սոցիալական ծրագրերում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։
![]()