Բացարձակ տգիտություն է պնդումը, որ պետությունը պետք է ոչ թե «դպրոց ու ճանապարհ սարքի, այլ գործարան». Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով կալանքի տակ գտնվող գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի վերջին հայտարարություններին:

Վերջինս հայտարարել է, թե պետությունը դպրոցներ ու ճանապարհներ կառուցելու փոխարեն պետք է գործարաններ կառուցի:

«Իհարկե, բացարձակ տգիտություն է պնդումը, որ պետությունը ոչ թե պետք է «դպրոց ու ճանապարհ սարքի, այլ գործարան», քանի որ ոչ մի պետության դեռ չի հաջողվել դպրոց ու ճանապարհ չսարքելով գործարան կառուցել, կամ եթե անգամ այդպիսի 1-2 դեպք էլ լինի, ապա այդ գործարանները արագ փակված կլինեն, կամ էլ այդտեղ պարզապես գործարանատեր միլիարդատերերը (որպես կանոն նման դեպքերում միլիարդատերեր են) շահագործած կլինեն դպրոց չգնացած բանվորներին։ Այլ կերպ հնարավոր չէ։

Իսկ ահա բազմաթիվ պետություններ, հատկապես զարգացածները, սկզբում կառուցում են դպրոց ու ճանապարհ, հետո արդեն իրենց մասնակցությամբ կամ առանց իրենց գործարանը կառուցվում է։

Հայաստանում էլ պետությունը կառուցում է դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, ջրամբարներ և այլ ենթակառուցվածքներ, իսկ արդեն դրա շուրջ պետության աջակցությամբ ու պետական քաղաքականության արդյունքում կառուցվում են գործարաններ, իսկ թե ինչպես, կներկայացնեմ հաջորդիվ։

Ու մի բան էլ. դպրոց գնացած ու կրթված մարդուն հնարավոր չէ շահագործել ու կոպեկներով աշխատեցնել, հնարավոր չէ իր ձայնը գնել ընտրություններում, իսկ չկրթված, հետևաբար խոցելի մարդու դեպքում, ցավոք, հնարավոր է։

Մաս 1»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ