3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը և փրկարար ծառայությունը շարունակում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները։

«Ժամը 11։00-ի դրությամբ աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և մարզի Համայնքային ոստիկանության հինգ բաժիններից՝ 80, և Փրկարար ծառայությունից՝ 150 ծառայող։

Օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր և տեխնիկական այլ միջոցներ։

Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։

Որոնողական աշխատանքներն ընթացել են ամբողջ գիշեր, աշխատանքներում ներգրավված են ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր, տեղի բնակիչներ:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտնել է, որ համայնքում շտաբ է ձևավորվել, քարտեզներով տեղաբաշխում են արել ու որոնողական աշխատանքներ կազմակերպել։

3-ամյա երեխայի անհետ կորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանությունը):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ