Ցույցի ժամանակ վերջույթներդ առաջ գցած մարդկանց վրա գալը խուլիգանություն է, ոչ թե տղամարդկություն. Ռուբեն Մեհրաբյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը դրական է գնահատում Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի քայլը, որ նա ՌԴ-ից վերադարձել է և հանձնվել ՀՀ իրավապահ մարմիններին ու արդարադատությանը:

Մոսկվայից Երևան վերադարձած Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքից հետո կալանավորվել է: Նա դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման: Համբարձումյանը մեղադրվում է 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար:

Միաժամանակ Մեհրաբյանը հիշեցնում է այն, որ բազմաթիվ նախկին պաշտոնյաներ, որոնք անցնում են տարբեր քրեական վարույթներով, գտնվում են ՌԴ-ում:

«Գնացել հանձնվել են Ռուսաստանի ողորմածությանը և չեն գալիս, որ իրենց արածների համար պատասխան չտան: Դավիթ Համբարձումյանը խելամիտ վարվեց»,- ասում է նա:

Վերջինս, սակայն, անհարկի է համարում իշխանության ընդդիմախոսների այն շահարկումները, թե նա քաղբանտարկյալ է:

Անդրադառնալով Համբարձումյանի կողմնակիցների այն պնդումներին, թե վերջինս տղամարդկություն է ցուցաբերել՝ գալով Հայաստան, Մեհրաբյանը նկատում է. «Տղամարդկության մասին թյուր պատկերացում կա. երբ ցույց է տեղի ունենում, դու, դեմի և հետևի վերջույթներդ առաջ գցած, գալիս ես մարդկանց վրա․ դա տղամարդկություն չէ, խուլիգանություն է, ամեն ինչ է՝ բացի տղամարդկությունից»:

Զրուցակիցը համարում է, որ Համբարձումյանի նկատմամբ արդարադատությունը ուշացած է՝ միաժամանակ ընդգծելով. «Լավ է ուշ, քան ավելի ուշացած»:

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին ևս Մեհրաբյանը քաղբանտարկյալ չի համարում: Ասում է՝ ցանկացած երկրում պետականությունը և սուվերենությունը կասկածի տակ դնելու համար Քրեական օրենսգիրքը հոդվածներ է սահմանել:

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահը կարծում է, որ կուսակցությունները, որոնց գործունեությունն ուղղված է երկրի սուվերենության դեմ, պետք է փակվեն: Ըստ նրա՝ այդ կուսակցությունների թվում է ՀՅԴ-ն, որին պետք է արգելել մասնակցել ընտրություններին:

Նա Հովհաննավանքում կատարվածը համարում է լկտիություն և դրանում տեսնում միտում: Ասում է՝ որոշ լրատվամիջոցներ հիբրիդային պատերազմում որպես գործիք են ծառայում:

Անդրադառնալով Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված ինտիմ բնույթի տեսանյութերին՝ Մեհրաբյանը կարծիք է հայտնում, որ նման տեսանյութերի ի հայտ գալը և տարածումը այլանդակություն է, իսկ դրանց վերաբերյալ հերքումներ չտալը որակում է ցինիզմ և երեսպաշտություն:

Վերջինս միաժամանակ համոզմունք է արտահայտում, որ հենց նման տեսանյութերն են որպես սպառնալիք կիրառում ՌԴ հատուկ ծառայությունները և հոգևորականներին դարձնում ԿԿԲ գործակալներ:

«Ռուսաստանից մի անլվա կալոշ գնահատական է տալիս՝ Փաշինյանը իր լիազորությունները գերազանցել է, չհասկացա, ո՞վ եք դուք: Կտրիճ Ներսիսյանը, այո՛, պետք է հեռանա իր շրջապատի հետ միասին, որոնք բողազները ճղելով փորձում են մեզ բան բացատրել: Պետությունը պետք է ճնշում գործադրի, հանրությանը մոբիլիզացնի, որ եկեղեցին իր ներսի կեղտը մաքրի, որը բխում է բոլորիս շահերից»,- ասում է նա:

Ըստ Մեհրաբյանի՝ եկեղեցին վերածվել է կուսակցության և թաթախվել կուսակցական շահեր սպասարկելու մեջ:

«Լավրովն ասում է՝ բոլորդ պետք է մտնեք Միութենական պետության մեջ, որ փաստաթուղթ լինի՝ ես անվերջ նստեմ ձեր գլխին: Գարեգին 2-րդի հոգևոր հայր Կիրիլն էլ օրհնում է դա: Եկեղեցին վերածվել է ՌԴ-ի ամենակարևոր գործիքի ընդդեմ ՀՀ-ի, և պետությունը չի կարող սա հանդուրժել: Գործ ունենք քարանձավային բթամիտների հետ: Կիրիլի քարանձավային ապուշությունները թարգմանում են հայերեն և արտաբերում՝ առանց գլխներին զոռ տալու: Եթե կա հանցակազմ, Գարեգին Բ-ն պետք է մեկուսացվի: Չստիպեք՝ պետությունը սկսի կոշտ եղանակով հարցերը լուծել»,- ասում է նա:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ