Իրականում մեր բյուջեն տարբեր ուղղություններով կրճատվել է. վարչապետի աշխատակազմի ղեկավար

«Իրականում մեր բյուջեն տարբեր ուղղություններով կրճատվել է, և, ըստ էության, դրանք սիմետրիկ են:

Մեր աշխատակազմինը, ըստ էության, նույն ծախսերի կրճատումն է, ինչ եղել է Ազգային ժողովի աշխատակազմում, և դա ընդհանուր բյուջեի տրամաբանության վրա դրված ֆինանսների նախարարության կողմից և քաղաքական որոշմամբ սահմանված սկզբունք է, որը չեմ կարծում, թե շատ էական ազդեցություններ կարող է ունենալ մանավանդ այն տրամաբանության շրջանակներում, որ դուք եք ասում, մանավանդ հաջորդ տարի խորհրդարանական ընտրություններ են, և թիվը կարող է մեծանալ կամ փոքրանալ»:

Այս մասին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հարցին, որը հետաքրքրվում էր՝ արդյոք ԱԺ բյուջեն նվազեցնելով՝ նպաստո՞ւմ ենք խորհրդարանական կառավարման ձևի ամրապնդմանը:

«Ըստ էության, նման բոլոր իրավիճակներում, սահմանադրական մարմինների հետ կապված, գերատեսչությունների, Ազգային ժողովի հետ կապված, երբ օբյեկտիվ ծախսեր են առաջանում, ֆինանսների նախարարությունը համապատասխան միջոցներից լրացնում է դրանք»,- պարզաբանել է Հարությունյանը:

Նա հավելել է, որ վերապատրաստումներն ամենամեծ խնդիրներից են, տարիներ շարունակ ճիշտ մեխանիզմները չեն գտվել վերապատրաստումներն իրականացնելու համար:

«Իհարկե, միջազգային գործընկերների հետ շատ ծրագրեր ենք իրականացնում այս առումով, խրախուսում ենք նաև մասնակցությունը այսպիսի միջոցառումներին՝ լինի դա Հայաստանում կամ Հայաստանից դուրս»,- նշել է նա:

Հարությունյանի խոսքով՝ ինչպես վարչապետն է անընդհատ նշում՝ բոլոր ոլորտներում, այստեղ ևս կա կրթության խնդիր:

«Բայց, իհարկե, աշխատելու տեղ ունենք, պետք է առաջ գնանք»,- եզրափակել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ