![]()
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները:
«ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը շարունակում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները։
Ժամը 10․00-ի դրությամբ աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ Ոստիկանության՝ 100 և Փրկարար ծառայության՝ 212 ծառայող։ Աշխատանքներն իրականացվում են 7 ուղղությունով, օգտագործվում է 6 ամենագնաց և տեխնիկական այլ միջոցներ։
Որոնումներին մասնակցում են նաև Ծափաթաղ գյուղի, մերձակա բնակավայրերի բնակիչներ և մարզի տարբեր բնակավայրերից կամավորներ։
Կոչ ենք անում զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց, հետևե՛լ միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։
Որոնողական աշխատանքներն ընթացել են ամբողջ գիշեր, աշխատանքներում ներգրավված են ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր, տեղի բնակիչներ:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտնել է, որ համայնքում շտաբ է ձևավորվել, քարտեզներով տեղաբաշխում են արել ու որոնողական աշխատանքներ կազմակերպել։
3-ամյա երեխայի անհետ կորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանությունը):
![]()