![]()
ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը շարունակում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները։
Այս մասին հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը՝ տեղեկացնելով, որ շրջանառվում են չճշտված տեղեկություններ, որոնք կարող են վնասել որոնողական գործընթացին և երեխայի ընտանիքի հոգեբանական վիճակին։
«Կոչ ենք անում հարգել ընտանիքի հույզերը և խուսափել չճշտված տեղեկություններ տարածելուց։
Հետևե՛ք միայն պաշտոնական տեղեկատվությանը, անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։
Որոնողական աշխատանքներն ընթացել են ամբողջ գիշեր, աշխատանքներում ներգրավված են ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր, տեղի բնակիչներ:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտնել է, որ համայնքում շտաբ է ձևավորվել, քարտեզներով տեղաբաշխում են արել ու որոնողական աշխատանքներ կազմակերպել։
3-ամյա երեխայի անհետ կորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանությունը):
![]()