Կարող է Տիգրանը մոլորվել է, կարող է գողացել են. գնացինք տուն՝ մի գավաթ սուրճ խմեինք, տեսանք երեխան չկա

Ծափաթաղում և հարակից վայրերում շարունակվում են 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնումները: Նրանց հետ բնակվող հարազատը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ երեխան եղբոր հետ տան դիմացի հատվածում խաղացել է, իրենք էլ այդ տարածքում գործ են արել:

«Գործ էինք անում, գնացինք տուն մի գավաթ սուրճ խմեինք, տեսանք երեխան չկա: Իմացանք քնած է, նայեցինք անկողնու մեջ չէր, ման եկանք, տեսանք չկա, զանգեցինք 911: Բոլորս էլ տանն էինք, երեխայի մոր ծնունդն էր, պատրաստվում էինք նշել»,- պատմել է նա:

Վերջինս նաև ասել, թե երեխաները հաճախ դեպի կամուրջ գնացել են, խաղացել, վերադարձել, սակայն գետի կողմ ոչ մի անգամ չեն գնացել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։

Որոնողական աշխատանքներն ընթացել են ամբողջ գիշեր, աշխատանքներում ներգրավված են ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր, տեղի բնակիչներ:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտնել է, որ համայնքում շտաբ է ձևավորվել, քարտեզներով տեղաբաշխում են արել ու որոնողական աշխատանքներ կազմակերպել։

3-ամյա երեխայի անհետ կորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանությունը)»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ