![]()
Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Արմեն քահանա Մելքոնյանը շուրջ 20 տարի է՝ պայքարում է Գարեգին Բ-ի, իր խոսքերով ասած՝ Կտրիճ Ներսիսյանի դեմ, քանի որ ըստ նրա՝ հայ եկեղեցու բուն առաքելությունը խաթարված և խեղաթյուրված է:
Այս մասին նա տեսակապի միջոցով ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
Անդրադառնալով Հովհաննավանքի հոգևոր հովիվ Արամ քահանա Ասատրյանին կարգալույծ անելուն՝ վերջինս նկատում է՝ խաբկանք է, որ եթե քահանան կարգալույծ եղած է, չի կարող որևէ արարողություն կատարել:
Նրա խոսքով՝ քրիստոնեական եկեղեցում օծումազրկում հասկացություն չկա. «Երբ ասում ես կարգալուծում, դա օծումնազրկումը չէ, առնում ես մարդու կարգը, բայց ոչ օծումը, որովհետև այն անջնջելի է»:
Արմեն քահանա Մելքոնյանը կարծում է, որ պետք է առնեն Գևորգ (Միքայել) Աջապահյանի կարգը, քանի որ նա մարդկանց իշխանության դեմ հանելու կոչեր է արել, ինչպես նաև Վազգեն (Բագրատ) Գալստանյանի կարգը, որովհետև նա թողեց եկեղեցական առաքելությունը և մտավ քաղաքականություն:
«Բայց այս կանոնները չեն գործում եկեղեցում. կանոնը, կարգը, օրենսգիրքը Կտրիճ Ներսիսյանն է: Նույնիսկ եպիսկոպոսները չեն համարձակվում բան ասել: Առանց Կտրիճի հավանության ոչ մեկը ոչինչ չի կարող անել: Եպիսկոպոսները դարձել են ոչինչ Կտրիճ Ներսիսյանի օրոք: Մեր հոգևորականությունը՝ սարկավագից մինչև եպիսկոպոսներ, ստրուկ են Կտրիճ Ներսիսյանի ձեռքին»,- ասում է նա:
Անդրադառնալով Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված ինտիմ բնույթի տեսանյութերին՝ քահանան ասում է՝ ամեն ինչի դեպքում ասում են՝ արհեստական բանականությամբ է սարքած:
«Ժխտելու բան չկա․ ամեն ինչ հայտնի է և բացահայտ: Բոլոր կուսակրոնները, բացառությամբ մի քանիսի, շեղված են իրենց առաքելությունից: Մենք կուսակրոն ունենք, որ թույլտվություն ստացավ ամուսնանա, հետո էլի խնդրեց, որ դառնա կուսակրոն․ խայտառակություն է: Տեր Ասողիկը ունի կին և երեխաներ, Կտրիճ Ներսիսյանի պահանջով թողեց ընտանիքը և եկավ կուսակրոնության: Ամուսնացած, երկու երեխա ունեցողին կոչում են կուսակրոն: Երևի մտածում են՝ որ կուսակրոնը սիրուհի չունի, լավը չէ, կամ տղամարդ չէ: Մեր հոգևորականները անցան իսլամների շեյխերի կատարած խայտառակություններին»,- ընդգծում է նա:
Ըստ քահանայի՝ մի օր Գարեգին Բ-ն հոգևորականների առաջ կոշիկն է հանել և պարծեցել, որ այն 4000 դոլար արժե:
Ինչ վերաբերում է որոշ հոգևորականների այն պնդումներին, որ եթե անգամ Գարեգին Բ-ին կալանավորեն, այդ պարագայում նա ԱԱԾ նկուղից կղեկավարի եկեղեցին, զրուցակիցը նկատում է. «Պադվալից դուրս ինչ կարողացավ անել, որ պադվալից ինչ պիտի անի»:
Վերջինս հույս է հայտնում, որ մի առավոտ կարթնանա և կտեսնի, որ Գարեգին Բ-ն ճամպրուկները հավաքել է և հեռացել:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում:
![]()