![]()
ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը Գեղարքունիքի Ծափաթաղ համայնքում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ժամը 14:00-ի դրությամբ որոնողական աշխատանքներին մասնակցում է 150 ոստիկան և 209 փրկարար ծառայող:
Նրա փոխանցմամբ՝ որոնողական աշխատանքները դեռևս արդյունք չեն տվել:
«Դրանք իրականացվում են հնարավոր բոլոր վայրերում, ստուգվում են բոլոր վարկածները: Այս պահի դրությամբ՝ առևանման վարկած չի դիտարկվում:
Կիրառում ենք բոլոր տեսակի տեխնիկական միջոցները, տեղում են հատուկ պատրաստություն և որակավորում անցած փրկարարներ»,- նշել է Ցուցուլյանը՝ հավելելով, որ կան բազմաթիվ վարկածներ, ոստիկանությունը բազմապրոֆիլ աշխատանքներ է կատարում, փրկարարներն էլ աշխատում են նրանց հետ համատեղ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։
Որոնողական աշխատանքներն ընթացել են ամբողջ գիշեր, աշխատանքներում ներգրավված են ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր, տեղի բնակիչներ:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտնել է, որ համայնքում շտաբ է ձևավորվել, քարտեզներով տեղաբաշխում են արել ու որոնողական աշխատանքներ կազմակերպել։ Նա նաև մի շարք մանրամասներ է հայտնել:
![]()