Շատ լավ ընտանիք են, խելոք, աշխատասեր, երեխան՝ շատ ակտիվ. Ծափաթաղի մանկապարտեզի աշխատակիցը՝ կորած Տիգրանի մասին

Ծափաթաղ համայնքի մանկապարտեզի աշխատակցուհի Էլզա Սառաջյանը լրագրողների հետ զրույցում խոսել է համայնքի բնակիչ 3-ամյա Տիգրանի մասին, որին հոկտեմբերի 27-ից որոնում են:

«Շատ լավ ընտանիք են, խելոք, աշխատասեր մարդիկ են. երեխան միշտ մաքուր, սիրուն, կոկիկ հագնված բերում տանում էին, երեխան էլ շատ ակտիվ էր։ Աստված տա՝ երեխան ողջ գտնվի։

Երեկ ես գյուղում չէի, որ եկա, ասացին՝ Տիգրանը կորել է։ Բայց երեխան երեկ մանկապարտեզ է եկել, մինչև 1-ը մնացել է, եկել են տարել, հետո էլ էդ դեպքն է եղել։ Շատ խելոք, լավ երեխա է, ես ստեղ աշխատում եմ, երեխեն սաղ օրը գնում-գալիս է մեր մոտ։ Մի օր էլ 2 կոնֆետ էր բերել, ասում էր՝ Էմմա տատի՛ (ինձ այդպես են ասում), քեզ համար եմ բերել, ասում եմ՝ խի՞ ես բերել, ցավդ տանեմ, ասում է՝ դու ինձ միշտ կոնֆետ ես տալիս, լավ է լինում»,- նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։

Որոնողական աշխատանքներն ընթացել են ամբողջ գիշեր, աշխատանքներում ներգրավված են ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր, տեղի բնակիչներ:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտնել է, որ համայնքում շտաբ է ձևավորվել, քարտեզներով տեղաբաշխում են արել ու որոնողական աշխատանքներ կազմակերպել։ Նա նաև մի շարք մանրամասներ է հայտնել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ