Ըստ խոսակցությունների՝ երեխան եղել է եղբոր հետ, հետո եղբայրը միայնակ է տուն վերադարձել. Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի Ծափաթաղ գյուղում կորած 3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ համայնքում շտաբ է ձևավորվել, քարտեզներով տեղաբաշխում են արել ու որոնողական աշխատանքներ կազմակերպել։

Մարզպետը որևէ կոնկրետ վարկած չի նշել՝ հաշվի առնելով, որ տարբեր խոսակցություններ կան։

«Ըստ խոսակցությունների՝ երեխային տեսել են մեծ եղբոր հետ, հետո եղբորը տեսել են, որ միայնակ տուն է վերադառնում, բայց խոսակցությունները հակասական են։ Չեմ ուզում՝ կենտրոնանանք դրանց վրա, ավելի լավ է ամբողջությամբ իրականացնենք որոնողական աշխատանքները»,- մանրամասնել է մարզպետը:

Սարգսյանը նաև հերքել է տեղեկությունները, թե երեխայի անհետանալուց մեկ օր առաջ ինչ-որ միջադեպ է եղել, ու մայրիկին ոստիկանություն են հրավիրել։

«Տեղյակ չեմ, որ մայրիկին հրավիրել են ոստիկանություն, գիտեմ, որ երեկ երեխայի մայրիկի ծննդյան օրն է եղել, ծնունդ են նշել, բայց որ ոստիկանություն տարած լինեն, նման տեղեկատվության չեմ տիրապետում»,- ասել է մարզպետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։

Որոնողական աշխատանքներն ընթացել են ամբողջ գիշեր, աշխատանքներում ներգրավված են ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր, տեղի բնակիչներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ