![]()
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը դեմ է առանց դատարանի որոշման մարդու կյանքի մեջ ներխուժելուն, տանը նկարահանող սարքեր տեղադրելուն:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված ինտիմ բնույթի տեսանյութերին:
Դալլաքյանի խոսքով՝ ըստ շրջանառվող լուրերի՝ այս տեսանյութերը 10 տարվա վաղեմություն ունեն, այսինքն՝ ստացվում է, որ նախորդ իշխանությունների օրոք են նկարվել:
Ինչ վերաբերում է հարցի բարոյական ասպեկտին, քաղաքագետը նկատում է. «Նույնն է, որ ցանկացած ղեկավար խախտի Սահմանադրությունը և ասի՝ նորմալ է: Հոգևորականների դեպքում ավելի զգայուն է հարցը. նրանք համարվում են միջնորդ մարդկանց և Աստծո միջև»:
Անդրադառնալով Հովհաննավանքի հոգևոր հովիվ Արամ քահանա Ասատրյանին կարգալույծ անելուն՝ զրուցակիցը ընդգծում է. «Եթե կարգալույծ չեն անում նրանց, ովքեր խախտում են եկեղեցու օրենքները, բարոյական կերպարները չեն համապատասխանում հոգևոր սպասավորի չափանիշներին, բայց կարգալույծ են անում մեկին, որը հավաքի չի գնացել, օբյեկտիվ չէ»:
Դալլաքյանը կարծում է, որ հարցը բարդ է, քանի որ եկեղեցու ամբողջ վերնախավը թաթախված է այսպիսի պատմությունների մեջ:
«Մեր հոգևորականները Պուտինի հանդեպ սիրուց չէ, որ պաշտպանում են ՌԴ-ին. Գարեգին 2-րդի եղբոր հանդեպ ճնշումներ կան Կրեմլից: Այս տեսահոլովակները ըստ ձեզ՝ Ռուսաստանը չունի՞: Ասում են, որ մանկապղծության փաստեր էլ կան, չեմ զարմանա, որ շուտով այդպիսի տեսանյութեր էլ հանրայնացվեն: Գարեգին 2-րդը շատ կուզենա հեռանա, բայց նա չի կարող, քանի որ նման նյութեր կան»,- ասում է նա:
Դիտարկմանը, որ պնդումներ կան, թե եկեղեցու վերնախավի որոշ անդամներ ККБ-ի գործակալներ են, սակայն դրանց վերաբերյալ կոնկրետ փաստեր չկան, քաղաքագետը նկատում է. «Ագենտ լինելը թղթով չէ, հո գրպանում դրած չէ՞, կասկածներ կան այդպիսի»:
Ինչ վերաբերում է Արամ Ա կաթողիկոսին, ըստ Դալլաքյանի՝ նա ՀՅԴ-ականների հետ շատ մտերիմ է. «ԱՄՆ-ում հանդիպումներ եմ ունեցել, այնքան էլ դրական տրամադրված չեն նրա նկատմամբ, գուցե նրա հետ կապված էլ կան ինչ-որ փաստեր»:
Կրկին անդրադառնալով Գարեգին Բ-ին՝ զրուցակիցը ընդգծում է՝ ժամանակին մամուլը Գարեգին 2-րդի մասին այնպիսի բաներ էր գրում, որ անգամ այսօր Նիկոլ Փաշինյանը չի ասում դա. «Նա ոչ մի իշխանության օրոք կարծիք չէր հայտնել՝ բացի այս․ սա նշանակում է, որ օբյեկտիվ չէ: Հոգևորականները կարծիք արտահայտելու իրավունք ունեն իհարկե, բայց ոչ միայն Արևմուտքի, այլև ՌԴ-ի հասցեին էլ, ոչ միայն Փաշինյանի, այլ նաև Քոչարյանի հասցեին էլ: Երբ ՌԴ-ում ասում են՝ Արցախի եկեղեցիները հայկական չեն, ալբանական են, բան չունե՞ն ասելու սրա վերաբերյալ»:
Լիլիթ Դալլաքյանը «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը պարզապես մի խումբ ռոմանտիկների ձեռքին գործ չի համարում, ապա տարակուսանք է հայտնում՝ Նաիրի Հունանյանը ՀՀ-ո՞ւմ է, թե՞ ոչ:
«ՌԴ հետախուզական ծառայության աշխատակիցը մահվանից առաջ ասել էր, որ արտաքին հետք ունի սա: Եթե Նաիրի Հունանյանը սկսի խոսել, նրան լռեցնելու են, սակայն ոչ Հայաստանից: Քանի դեռ Պուտինը իշխանության է, «Հոկտեմբերի 27»-ը չի բացահայտվելու»,- կարծում է նա:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում:
![]()