ՀՀ-ն, ըստ էության, իր միջազգայնորեն ճանաչված տարածքով ինքնաբավ է. սա Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է

«Իրական Հայաստանի գաղափարախոսությունն ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, իր միջազգայնորեն ճանաչված տարածքով ինքնաբավ է այդ առումով, և նրա խնդիրը սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և երջանկությունն ապահովելն է: Եվ մեր բոլոր ռազմավարությունները, ներառյալ՝ անվտանգային, պաշտպանական և այլն, տեղավորվում են այս տրամաբանության մեջ: Սա շատ կարևոր նրբություն է»:

Այս մասին ԱԺ-ում 2026 թ. պետբյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք, օրինակ, իհարկե, նախկինում դրա մասին խոսել ենք, ասել ենք նաև, որ այո, մենք այսօր շատ մեծ տեմպերով զարգացնում ենք մեր բանակը, բայց նաև զարգացնում ենք մեր բանակի հայեցակարգը՝ այն հայեցակարգը, որի վրա հիմնվում է մեր բանակը: Եվ մենք ասում ենք, որ մեր բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս խնդիր չունի լուծելու: Եվ մենք նույնիսկ շատ կարևոր ենք համարում, որ մեր ամենօրյա աշխատանքային խոսակցության մեջ «մարտունակ բանակ» հասկացությունը վերափոխենք և վերաձևակերպենք «պաշտպանունակ բանակ», որովհետև երբ ասվում է մարտունակ բանակ, չի տեղորոշվում՝ այդ պոտենցիալ մարտը որտե՞ղ է տեղի ունենում կամ որտե՞ղ կարող է տեղի ունենալ։ Մեզ համար շատ կարևոր է, որ մենք ընդգծենք այս կոնտեքստը, որ Հայաստանի Հանրապետության բանակը պետք է լինի պաշտպանունակ, այսինքն՝ պետք է ի վիճակի լինի պաշտպանել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը: Ընդ որում՝ ես ուզում եմ ընդգծել, որ սա միջազգային օրենքներով յուրաքանչյուր պետության պարտավորությունն է՝ ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, այդ թվում՝ հնարավոր արտաքին միջամտություններից:

Իհարկե, մենք հիմա կարող ենք պաշտպանության ոլորտի, կրթության ոլորտի, ցանկացած ոլորտի տարբեր հայեցակարգային հարցեր քննարկել։ Շատ կարևոր է՝ գնահատելով պետական բյուջե հասկացությունը, արձանագրել, թե բացարձակապես ինչի մասին մենք խոսում ենք՝ մեր հանրային օրակարգի, այդ բոլորն արտահայտված են պետական բյուջեի մեջ այս կամ այն չափով։ Այսինքն, երբ մենք խոսում ենք պետական բյուջեի մասին, պետական բյուջեն մեր հանրապետության ամբողջ կյանքը կազմակերպելու մասին է, հանրապետության կենսագործունեությունն ապահովելու մասին է, ներառյալ՝ յուրաքանչյուր քաղաքացու կյանքը և կենսագործունեությունն ապահովելու մասին: Բայց ես շատ կարևոր եմ համարում, որ մենք ընդհանրապես մեր քաղաքացիների հետ շատ խոսենք «պետական բյուջե» երևույթի մասին, ինքներս իրար հետ էլ շատ խոսենք: Մենք բավարար չափով խոսում ենք, բայց ավելի մանրամասն խոսելու տեղ միշտ էլ կա: Բայց կարևոր է նաև մենք մեր քաղաքացիների հետ մանրամասն խոսենք, թե այնուամենայնիվ, ի՞նչ է և ինչպե՞ս է ձևավորվում պետական բյուջեն»,- ասել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ