Մեր բոլորի նպատակը պետք է լինի ՀՀ հզորացումը, որ ավելի կարևորեն և հարգեն մեզ․ Սուքիասյանը՝ Միրզոյանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը իր գոհունակությունը հայտնեց Արարատ Միրզոյանին՝ կապված ԱԳՆ-ի վերջին երկու-երեք տարվա աշխատանքի հետ, որի արդյունքում ընդլայնվել է դիվանագիտական, քաղաքական, ռազմավարական գործընկերության աշխարհագրությունը։

Այս մասին նա ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որտեղ քննարկվում է «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։

«Մեր բոլորի նպատակը պետք է լինի ՀՀ հզորացումը՝ ունենալ կոոպերացիաներ, տնտեսական հարաբերություններ, որպեսզի հզորանանք, ավելի կարևորվենք և մեզ ավելի հարգեն։ Դրանից էլ բխում է տնտեսական մասը»,- նշեց Սուքիասյանը։

Պատգամավորը շեշտեց, որ հիմա ՀՀ-ին պետք է մի հարթակ, որտեղ կարողանան ավելի արդյունավետ իրացնել տնտեսական մասը։ «Մի կարևոր հարց էլ հնչեցնեմ․ մենք բազմաթիվ գործուղումների ենք ուղարկում մեր դիվանագիտական և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներին։ Արդյո՞ք ժամանակը չի եկել ստեղծելու մի հարթակ (անվանեք ինչպես կցանկանաք), որտեղ յուրաքանչյուր գործուղումից վերադառնալուց հետո ներկայացվի՝ ինչ է շահել ՀՀ-ն տվյալ գործուղման արդյունքում, ինչ հարաբերություններ են ստեղծվել, ինչ նոր կոնտակտներ են ձևավորվել։ Այդ ամենը պետք է որևէ ձևով գրանցվի։

Շատ պետությունների հետ, երբ ստեղծեցիք դիվանագիտական հարաբերություններ և սկսեցիք ակտիվացնել ու զարգացնել այդ հարաբերությունները, որոշ տնտեսական տարրեր սկսեցին ի հայտ գալ։ Այդ երկրները սկսեցին ավելի ուշադիր լինել ՀՀ-ի նկատմամբ, այցելել Հայաստան։

Դժվար ժամանակներն անցան, հարաբերությունները ձևավորվեցին, դրանց կարգն ու որակը փոխվեց։ Մեզ հարթակ է պետք, որպեսզի այն 19 միլիարդ ծախսերը, որոնք արվում են, հարյուրավոր և տասնյակ անգամներով ուժեղացնեն ՀՀ-ն»,- նշեց պատգամավորը։

Արարատ Միրզոյանը, այս ամենին ի պատասխան, շեշտեց. «Մեր ջանքերը այսուհետ ևս լինելու են անմնացորդ՝ խաղաղության, անվտանգության և զարգացման օրակարգին։ Պետք է վերլուծել և գնահատել, որովհետև այս կամ այն գերատեսչությունը որոշ ծախս է արել, որոշ այցելություններ է իրականացրել, և դրա արդյունքում Հայաստանը այսօր, վաղը կամ մյուս օրը ինչ շահ է ունենալու»։

Սուքիասյանը կրկին կարևորեց հարթակ ստեղծելը․ «Նոր հարթակներ և միջոցներ են պետք, որովհետև արդեն նոր փուլ ենք մտել․ դժվար ժամանակները անցել են, հարաբերությունները ձևավորվել են։ Ես տեսնում եմ, որ ՀՀ-ն ահավոր ակտիվացել է՝ թե՛ տարածաշրջանում, թե՛ տարածաշրջանից դուրս։ Հիմա պետք է այդ հարթակը ստեղծել, որպեսզի մեր աշխատանքները լինեն առավել արդյունավետ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ