![]()
Հաջորդ տարվանից Հայաստանում ներդրվելու է համընդհանուր հետվճարի համակարգ, բոլոր քաղաքացիներն անկանխիկ առևտրի դեպքում 2 տոկոս հետվճար են ստանալու։ 2026-ի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ թոշակառուների անկանխիկ ծախսերի հետվերադարձի համակարգը զարգանալու է և 2026-ին հասնելու է 20 տոկոսի՝ ներկայիս 12 տոկոսի փոխարեն։
«Սա, ըստ էության, թոշակի բարձրացում է, բայց նաև հանրային համերաշխության տրամաբանության մեջ մենք փնտրում ենք և մեխանիզմ ենք ստեղծում, որ այդ թվում թոշակառուները թոշակի ներդրում ունենան հենց իրենց եկամուտները ապահովելու գործում, արգահատելի ոչ մի բան չկա դրա մեջ»,- ասաց Փաշինյանը։
2024-ի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից օգտվող քաղաքացիներին հնարավորություն էր տրվել ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման դիմաց անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար։ Անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը սահմանվել էր 12 %` նախկին 10%-ի փոխարեն, իսկ հետվճարի առավելագույն չափը՝ 6000 դրամ՝ նախկին 5000 դրամի փոխարեն։
![]()