Այս նամակի իրական հասցեատերը ժամանակն է, որ դեռ ասելու է պատվիրատուների անունները.ովինար Սարգսյան

Ծովինար Սարգսյանը գրում է.

Նամակ… Չգիտեմ էլ՝ ու՞մ գրեմ էս նամակը: Հոկտեմբերի 27-ն է, երևի էս ամսաթիվը ասելուց հետո կորչում են իմ բոլոր բառերը, բոլոր էմոցիաները. հոգիս տակն ու վրա է լինում, սիրտս՝ քարանում, սառում: Չէ, երբ ասում եմ՝ սառում է, չեմ խաբում, իրոք, սառում է, ու հենց դա է պատճառը, որ այսքան տարի ոչ մի հոկտեմբերի 27-ին լաց չեմ եղել: Ու հիմա նամակ եմ գրում: Ու՞մ գրեմ, հորեղբո՞րս գրեմ ու կռիվ անեմ, որ բավականաչափ չի մտածել իր անվտանգության մասին: Ախր իր անվտանգությունը մենակ իրենը չէր, իմն էր, տատիինն էր, զինվորինն էր… Գրեմ նամակս հոպարին ու իր խոսքերը հիշեցնեմ իրեն՝ բանակի տերը նա է, ով տեր է զինվորին: Հիշեցնեմ ու հարցնեմ՝ ինչու՞ միամտություն ունեցար հավատալու, որ քեզնից հետո բանակին ու զինվորին, պետությանը տեր լինող է գտնվելու… Էլ ու՞մ գրեմ… Օրինակ ոճրագործին գրեմ, հարցնեմ՝ ինքն իրեն «հերոս» զգու՞մ է: «Հերոս», որ Հայաստանի խաղաղությունը, ապագան կործանեց հանուն ոչնչի: Մի՞թե արկածախնդրությունը այնքան էր կուրացրել աչքերդ, որ հավատում էիր ոճրագործությունից հետո կարողանալու էիր ապրել… ապրել ու իշխել: Չնայած քեզ «մեծ» ուժերը տվել էին այդ երաշխիքը: Բայց դու էլ չհասկացար, թե ինչպես դարձար նույն «մեծ» ուժերի խամաճիկը: Այս նամակը հասցեագրված է նաև ձեզ՝ այդ տարիների իշխանություններ: Հարցս պարզ է․ ո՞նց եք ապրել այս տարիներին: Գլուխներդ բարձին դնելիս չե՞ք խեղդվում սեփական անգործության ծանրությունից։ Դուք չեք պաշտպանել ձեր երկրի խորհրդարանը, չեք պահպանել ձեր ժողովրդի ընտրյալ առաջնորդների կյանքը։ Ձեր աչքի առաջ Հայաստանը զրկվեց իր սրտից ու ուղեղից։ Ու դուք ի՞նչ արեցիք։ Գործը իջեցրիք «ուչաստկովիի» մակարդակի։ Մի՞թե կարելի էր հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը այդքան պարզունակ ներկայացնել: Ու այդքանից հետո ասել՝ թե բա մենք ընկերներ էինք: Ձեզանից ի՞նչ ընկեր: Դուք ընկեր չէիք։ Ոչ ժողովրդի, ոչ զոհվածների, ոչ էլ առավել ևս այս երկրի։ Դուք լքեցիք։ Դուք լռեցիք։ Ձեր լռությունը ձեր մեղքն է։ Ձեր անգործությունը՝ երկրի դատավճիռը։
Այս նամակի հասցեատերը նաև հայրենիքն է։ Հոկտեմբերի 27-ին փամփուշտները չանցան միայն զոհերի միջով, անցան մեր պետության, մեր անկախության ու ինքնիշխանության միջով։ Մի՞թե պարզ չէ, որ այդ ոճրագործության իրական հասցեատերը Հայաստանի Հանրապետության անկախությունն էր։ Մի՞թե պարզ չէ, որ հոկտեմբերի 27-ի զոհերը իրենց արյամբ ու կյանքով պահեցին Հայաստանի անկախությունը։ Հասկացա՞վ ժողովուրդը, վերարժևորե՞ց անկախության գաղափարը։ Չեմ կարող ասել։ Բայց գիտեմ՝ հոկտեմբերի 27-ի նպատակը չի իրականացվել և չի իրականացվելու այնքան ժամանակ, քանի դեռ կա Հայաստանի Հանրապետությունը և քանի դեռ անկախ է Հայաստանը…
Այսօր հոկտեմբերի 27-ն է… Ո՛չ ժամանակը, ո՛չ լռությունը չեն կարող մոռացնել նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն մեր այս օրվա… Այս նամակի իրական հասցեատերը ժամանակն է, որ դեռ ասելու է պատվիրատուների անունները, ժամանակը, որ չապրեցին նրանք՝ պետությունը ապրեցնողները…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ