Հենց այսօրվանից պատրաստ ենք ապահովել բեռնատար մեքենաների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան և հակառակը. վարչապետ

«Կարևոր է, որ նոր փաստերը, հանգամանքները ի հայտ են բերում հաստատված խաղաղությունը, մասնավորապես՝ Ադրբեջանի այն հայտարարությունը, որով Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան տարանցման սահմանափակումները»:

Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա, ըստ էության, պատմական իրադարձություն է և նշանակում է Հայաստանի Հանրապետության շրջափակման հաղթահարման առաջին փուլը: Բայց կարևոր է նաև, որ Հայաստանն էլ արձագանքող լինի այդ հայտարարություններին, համապատասխան քայլեր անի, և այս պահին դրան մեր արձագանքը հետևյալն է, որ հենց այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա մասնավորապես Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղիով: Ինչո՞ւ եմ սա ընդգծում, որովհետև սա այս պահին միակ տարբերակն է, որը մենք այսօր կարող ենք իրականացնել:

Ենթադրենք՝ Թուրքիայից բեռնատար է մոտենում Մարգարա անցագրային կետին՝ ուղևորվելու դեպի Ադրբեջան, մենք հենց այսօր կարող ենք ապահովել դա: Մեր ճանապարհները մինչև Գորիս, մինչև Կոռնիձոր գտնվում են լավ վիճակում, և գիտեք, որ Կոռնիձորում էլ որոշակի ենթակառուցվածք ունենք և կարող ենք սպասարկել, այդ թվում՝ հակառակ ուղղությամբ, այսինքն՝ եթե Կոռնիձորի կողմից ադրբեջանական բեռնատար մոտենա՝ անցում կատարելու դեպի Թուրքիա, մենք հենց այսօր կարող ենք դա իրականացնել»,- ասել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ