![]()
Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ հոկտեմբերի 25-ին Հանրային խորհրդի կազմում մասնակցել է Հանրային խորհրդի անդամների համար կազմակերպված այցելությանը՝ Հայաստանի Հանրապետության ռազմավարական նշանակության որոշ օբյեկտներ:
«Ծանոթացել ենք վերջին տարիներին Հայաստանի կողմից ձեռք բերված ռազմական նշանակության արտադրանքի որոշ տեսակների հետ, այցելել ենք սահմանային բնակավայրերից մեկի պաշտպանական գոտու ինժեներական կառույց (ամրացված շրջան): Այցի ողջ ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանը, ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, ՊՆ այլ բարձրաստիճան զինվորականներ ոչ միայն մանրակրկիտ ներկայացրել են պաշտպանական բարեփոխումների բոլոր շերտերը, այլ նաև հարց ու պատասխանի, ինտերակտիվ քննարկումների միջոցով Հանրային խորհրդի անդմաներս ներկայացրել ենք մեր մոտեցումները, մտահոգությունները և ստացել մեզ հուզող կամ պոտենցիալ հուզող հարցերի պատասխանները:
Երբ տունդ վերանորոգում ես, վերանորոգման բոլոր աշխատանքները փոխկապակցված ես պլանավորում, որպեսզի վերանորոգումը լինի համապատասխան քո ճաշակին, քո կարիքներին, ընթացքում չծագեն նախապես չհաշվարկված ծախսեր, վերանորոգված բնակարանը երկար վայելես և այլն: Նույնն էլ ռեֆորմների պարագայում է: Ցանկացած ռեֆորմ կարող է լինել արդյունավետ միայն այն պարագայում, երբ այն համալիր ռազմավարության բաղկացուցիչն է:
Սովորաբար, որքան ավելի բարձր է պետության ժողովրդավարության մակարդակը, այնքան ավելի տեսանելի և բովանդակալից է կառավարության շահագրգռվածությունը՝ նպաստելու անվտանգային ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ամրապնդման գործում քաղհասարակության գործառույթների արդյունավետ իրականացմանը: Այլ բառերով՝ կառավարությունը չի որդեգրում ոլորտի բարեխումների և կառավարման միանձնյա քաղաքականություն, այլ, հասարակության տարբեր շերտերին դիտարկում է անվտանգային ոլորտի՝ համապատասխան գործառույթներով օժտված դերակատար:
Մյուս կողմից, հաշվի առնելով պաշտպանական ոլորտի սպեցիֆիկ, փակ բնույթը՝ հանրությունը ոլորտի ռեֆորմների մասին տեղեկանում է առանձին ռեֆորմների տեսքով, ինչը ոչ միայն հնարավորություն չի ընձեռում օբյեկտիվ գնահատել պաշտպանական ռեֆորմների համալիր պատկերը, այլ նաև լայն դաշտ է բացում արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների, ապատեղեկաըտվության, դավադրության տեսությունների համար:
«Պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետի կրճատումը 2-ից 1,5 տարի Ադրբեջանի պահանջն է», «Պաշտպանական բյուջեի 15%-ով կրճատելու որոշումը Ադրբեջանի պահանջն է», ու նմանատիպ դավադրապաշտական այլ նարատիվներ որևէ աղերս չունեն իրականության հետ: Հայտնի պատճառներով չեմ կարող ավելի ծավալվել, միգուցե տեսածիս ու լսածիս որոշ շերտերի ոչ ուղղակի անդրադառնամ հարցազրույցների միջոցով:
Իսկ մինչ այդ մի արձանագրում հաստատ կանեմ՝ էս տեմպերով շարժվողը դատապարտված է կայուն և երկարատև խաղաղության:
Փառք Նահատակներին և
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է Մարգարյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային խորհրդի անդամների հետ այցելել է Տավուշի մարզի Կիրանց բնակավայր:
Վարչապետը և Հանրային խորհրդի անդամները եղել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատված Կիրանցի հատվածում, որտեղ ներկայացվել են իրականացված աշխատանքները:
![]()