![]()
ՌԴ-ում ադրբեջանցու սպանության համար ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանի որդին՝ Գոռ Առաքելյանը տեսաուղերձով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ աջակցել իրենց խնդրանքին՝ հորը ՀՀ արտահանձնելու հարցում։
Հիշեցնենք, որ Արման Առաքելյանը Ռուսաստանում սպանել է ադրբեջանցու, ով պատռել էր Շառլ Անզնավուրի նկարը՝ ասելով՝ սրանք չե՞ն ձեր հերոսները:
Օրերս Արդարադատության նախարարության շենքի դիմաց իրականացված բողոքի ցույցի վերաբերյալ նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՌԴ-ում դատապարտված ՀՀ քաղաքացի Արման Առաքելյանի հարազատները դադարեցրել են բողոքի ցույցը։
![]()
«ՀՀ արդարադատության նախարարությունում բազմիցս ուսումնասիրվել է Ռուսաստանի Դաշնությունում պատիժը կրող ՀՀ քաղաքացի Արման Վալերիկի Առաքելյանին (ծնված՝ 21.01.1973թ.) պատժի մնացած մասը կրելու նպատակով ՌԴ-ից ՀՀ փոխանցելու հարցը:
Դատապարտյալների փոխանցումն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև իրականացվում է «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983 թվականի Եվրոպական կոնվենցիայի դրույթներին համապատասխան: Դատապարտյալների փոխանցումը կարգավորող միջազգային պայմանագրերը ուղղված են դատապարտյալներին իրենց սոցիալական միջավայր վերադարձնելուն՝ վերջիններիս ինտեգրումը հասարակությանը դյուրացնելու նպատակով:
Օտարերկրյա պետությունում հանցագործություն կատարելու համար դատապարտված անձին Հայաստանի Հանրապետություն փոխանցումը մերժելը ինքնին որևէ միջազգային պայմանագրով, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ չի կարող համարվել վերջինիս իրավունքների խախտում:
ՀՀ արդարադատության նախարարությունը նպատակահարմար չի համարել դատապարտյալի տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն, սակայն քայլեր է ձեռնարկել վերջինիս իրավունքները պաշտպանելու և համապատասխան տեղեկություն ստանալու ուղղությամբ: Դատապարտյալի իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերը կասեցվել են հենց դատապարտյալի հարազատների կողմից, ինչը հնարավորություն չի տալիս ՀՀ արդարադատության նախարարությանը օբյեկտիվ տեղեկություն ստանալ ՀՀ իրավասու մարմիններից դատապարտյալի պատիժը կրելու վայրում վերջինիս հարազատների կողմից մատնանշված խախտումների առկայության կամ բացակայության վերաբերյալ»,- ասված է ԱՆ հաղորդագրության մեջ:
![]()