Ընդդիմությունը չի կողմնորոշվում՝ լավ է լինել հարուստ ու առո՞ղջ, թե՞ աղքատ ու հիվանդ

Օրերս պարզ դարձավ, որ Ղազախստանից Հայաստանը ցորեն կներմուծի՝ Ադրբեջանի տարածքով։ Ղազախական ցորենով բարձված վագոնները Ղազախստանից կմտնեն Ադրբեջան, ապա Վրաստան և կհասնեն Հայաստան։ Ադրբեջանն, այսպիսով, վերացնում է դեպի Հայաստան եկող բեռների նկատմամբ եղած սահմանափակումները։

Աստանայում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր հայտարարել Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացման մասին:

Մոտ 20 օր առաջ Ղազախստանում անցկացված «Նոր մետաքսի ճանապարհ» բիզնես ֆորումի ժամանակ Ղազախստանի, Ադրբեջանի և Վրաստանի երկաթուղային ընկերությունների ղեկավարները ստորագրել էին համատեղ գործողությունների ծրագիր:

Համաձայնագիրը նախատեսում է «Միջին միջանցքում» առկա սահմանափակումների վերացում՝ ներառյալ ենթակառուցվածքային, գործառնական և լոգիստիկ ասպեկտները, մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ ժամանակի կրճատումը։

Ադրբեջանական կողմն անդրադարձել էր նաև Հայաստանի տարածքով անցնող ու Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհին՝ նշելով, որ այն կդառնա «Միջին միջանցքի» մի մաս։

Օգոստոսի 8-ից հետո ընդդիմությունը պնդում էր, թե Հայաստանը, միակողմանի զիջումների գնալով, Ադրբեջանին միջանցք է տվել իր տարածքով դեպի Նախիջևան, փոխարենը, սակայն, ոչինչ չի ստանալու, թե Հայաստանի համար ճանապարհները չեն ապաշրջափակվելու, թե «փոխադարձ առավելություններ» բառակապակցությունը չի նշանակելու փոխադարձություն։ Իսկ հիմա, երբ Հայաստանն առաջինն է Ադրբեջանի տարածքով ճանապարհ ստացել, Հայաստանի համար ճանապարհները ապաշրջափակվել են, հայկական ընդդիմությունը երկնել է, թե այդպիսով Հայաստանը Ադրբեջանից կախվածության մեջ է ընկնում։ Պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանի համար ևս մեկ ճանապարհ է բացվում, բայց ընդդիմության տեսանկյունից դա կախվածություն է։ Եթե այդ տրամաբանությամբ գնանք, ապա Ադրբեջանը Հայաստանի տարածքն օգտագործելիս հայտնվում է Հայաստանից կախվածության մեջ։ Եթե դա այդպես է, ապա ինչո՞ւ էր ընդդիմությունը դեմ, որ Հայաստանը Ադրբեջանին ճանապարհ տա։ Արդյոք դեմ էին, որ Ադրբեջանը Հայաստանից կախվածության մե՞ջ ընկնի։

Մանկապարտեզ էլ չի, խենթանոց է ուղղակի։ Դաշնակցությունից Գեղամ Մանուկյանն այսօր Ազգային ժողովի ամբիոնից, կարծես գինովցած, դարի բացահայտումն արեց՝ նշելով, թե՝ երբ ասվում է, որ ղազախական ցորենը Ադրբեջանի տարածքով մտնելու է Հայաստան, թվում է, թե այն Իջևանով Ադրբեջանից միանգամից մտնելու է մեր երկիր։ Իրականում, սակայն, այն Ադրբեջանից մտնելու է Վրաստան, հետո միայն Հայաստան։ Բայց մի հարցնող լինի՝ ո՞ւմ վրա է մունաթ գալիս «Հայաստան» դաշինքի պատգամավորը։ Այդ ինչպե՞ս պետք է վագոնները Ադրբեջանից միանգամից մտնեին Հայաստան։ Գիտությունը դեռ այդքան չի զարգացել, որ չեղած կամ լափած ռելսերով կարողանա շարժվել։ Գեղամ Մանուկյանը մոռացե՞լ է, որ իր դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին այդ ռելսերը Սերժ Սարգսյանի գործուն մասնակցությամբ հանվեցին ու որպես մետաղի ջարդոն վաճառվեցին։ Այդ ինչպե՞ս պետք է ուրեմն Ղազախստանից բեռնված վագոնները Ադրբեջանից ուղիղ մտնեին Հայաստան։

Բայց ամենազավեշտալին այն է, որ օգոստոսի 8-ից հետո բոլորով հայտարարում էին, թե Հայաստանն անխոչընդոտ ճանապարհ է տվել Ադրբեջանին։ Բայց Հայաստանն առաջինը այդպիսի ճանապարհ ստացավ Ադրբեջանից։ Հիմա պարզվում է՝ դա վատ բան է։ Մի քանի օր առաջ հայտարարում էին, թե Ալիևը չի ապաշրջափակի ճանապարհները, հիմա ասում են, որ դեռ պետք է հաշվարկներ անել հասկանալու համար՝ Հայաստանն ապաշրջափակումից շահո՞ւմ է, թե՞ ոչ։ Նույնն է, թե նստես հաշվարկես՝ լավ է լինել առողջ ու հարո՞ւստ, թե՞ հիվանդ ու աղքատ. ինչպիսի բարդ դիլեմա։

Հայաստանի քաղաքականապես ռուսները՝ խորհրդարանական ընդդիմության առաջնորդությամբ, անընդհատ ճամարտակում են, թե Ադրբեջանին դեպի Նախիջևան Հայաստանի տարածքով ճանապարհ տալը ռիսկեր է պարունակում Հայաստանի համար։ Հիմա, պարզվում է, դա իրականում կախվածություն է։

Ի դեպ՝ Հայաստանում ընդդիմադիր շրջանակները ուշի ուշով հետևում են Ալիևի հայատարարություններին՝ որսալու «Զանգեզուրի միջանցք» ցանկացած արտահայտություն՝ այստեղ կրքեր բորբոքելու, Ադրբեջանի պահանջների, խաղաղության անիրատեսականության մասին, բայց երբ Ալիևը խոսում է այդ, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի»՝ «Միջին միջանցքի» մաս լինելու, Հայաստանի օգուտների, ստացվելիք գումարների մասին՝ հայաստանյան ընդդիմադիր շրջանակները լռում են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ