Ներդրումային ծրագրեր և այլ նախաձեռնություններ. հանդիպել են ԲՏԱ փոխնախարարն ու DTS Solution-ի ներկայացուցիչները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է կիբեռանվտանգության ոլորտում մասնագիտացած «ԴիԹիԷս Սըլյուշըն» (DTS Solution) ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Վահե Դաղլյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնել են նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները, ներդրումային նախաձեռնությունները և Հայաստանի թվային միջավայրի պաշտպանության ամրապնդման ուղիները։

Իր խոսքում նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող ռազմավարական ուղղությունները՝ ընդգծելով կիբեռանվտանգության, թվային կառավարման և նորարարական տեխնոլոգիաների զարգացումը՝ որպես երկրի թվային ինքնիշխանության և տեխնոլոգիական անվտանգության հիմնական բաղադրիչներ։

«ԴիԹիԷս Սըլյուշըն» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Վահե Դաղլյանն իր հերթին ներկայացրել է ընկերության գործունեությունն ու փորձառությունը՝ նշելով, որ վերջինս կիբեռանվտանգության ոլորտում մատուցում է միջազգայնորեն լիցենզավորված մի շարք ծառայություններ՝ ներառյալ համակարգերի խոցելիության գնահատում։

Կողմերը կարևորել են փորձի փոխանակումը և մասնագիտական ներուժի համատեղ օգտագործումը Հայաստանի կիբեռանվտանգության ոլորտի զարգացման, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածներում թվային անվտանգության համակարգերի կատարելագործման ուղղությամբ։

Քննարկումների արդյունքում երկուստեք նախանշել են հնարավոր համագործակցության ուղղությունները՝ ներառյալ ներդրումային ծրագրեր, խորհրդատվական և կրթական նախաձեռնություններ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ