![]()
«Երբ ծնողներն օգնություն են ուղարկում իրենց երեխաներին կամ երեխաներն իրենց ծնողներին, սա ինչ-որ մի երկրում նույնպես հարկված եկամուտ է համարվում, դա ինչպես պետք է վերաբերվի այդ գումարին: Պետք էլ չի ֆիզիկական անձը դրա մասին մտածի, եթե համակարգում եկավ որպես տրանսֆեր, արդեն կնույնականացվի այդ մարդը, ծախսերի առումով պետք է ինչ-որ «սենյակ» լինի և ակնհայտ երևա, որ այս ինչ երկրից այսքան գումար ես ստացել»,- ԱԺ-ում անդրադառնալով ֆիզիկական անձանց կողմից եկամուտների հայտարարգրման համակարգի դետալներին՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նման հարց ուղղեց ՔՊ պատգամավոր, հարցի վերաբերյալ զեկուցող Բաբկեն Թունյանին:
Ըստ պատգամավորի, այստեղ «կռիվը» որ տարիների ընթացքում պետք է լինի առձեռն ծախսերի շուրջ է, որոնք չեն կարող գրանցել:
Թունյանն էլ արձագանքեց.«Եկամուտների հայտարարագրման համակարգի հիմնական նպատակը եղել է ոչ թե ֆիսկալ նպատակը, որ այստեղ լրացուցիչ հարկեր հայտնաբերվեն, այլ ավելի շատ քաղաքացիների ու ընտանիքների սոցիալական վիճակի մասին և դրամական շարժերի մասին պատկերացում կազմելը: Ժամանակին շատ շահարկումներ կային, որ բարեկամներին ուղարկած փողերը հարկվելու են, արտերկրում աշխատող քաղաքացիների կողմից իրենց ծնողների ուղարկված գումարները հարկվելու են, հարկման մասին ընդհանրապես խոսք չկա, եթե կատարվել է նվիրատվություն կամ մարդն իր բարեկաներին գումար է ուղարկել, հարկի թեման փակ է: Ամբողջ հարցը վերաբերում է ՝ հայտարարագրել, թե ոչ: Սկզբից նշված էր, որ բոլորը պետք է հայտարարագրել, հետո ՊԵԿ-ի կողմից շեմ սահմանվեց՝ մինչև 300 հազար դրամ փոխանցումները ենթակա չեն, այս փոփոխությամբ ասում ենք՝ անկախ գումարի չափից բարեկամների միջև փոխանցումները ընդհանրապես պետք չէ հայտարարագրել»:
Խաչատուր Սուքիասյանն էլ հավելեց.«Մենք պետք է չամաչենք ասենք՝ մեզ ինչ է պետք, մեր երկրին, պետությանը, ապագային. մեզ պետք է վիճակագրություն, որ հասկանանք մեր երկրում ինչ է կատարվում, ինչ կարգի հոսքեր են գալիս, դրանք ուր են գնում: Մյուսը՝ ստվերի դեմ պայքարն է, որ հանկարծ առձեռն չլինի, մի երկիր չկա, որ չիմանա իր երկրում ինչ շարժ կա, հանկարծ չլինի, որ չգրանցված աշխատող լինի, ինչ -որ առձեռն գումար տան: Այս ամեն ինչն օգնելու է, որ աշխատատեղերը մեծանան, կգրանցվեն, ավելի շատ շրջանառություն կլինի, գումար կգեներացվի և այդ ամեն ինչը կտեսնենք կհասկանանք տեսնելուց հետո ինչ կարող ենք անել, որ ավելի լավացնենք»:
![]()