![]()
Հոկտեմբերի 20-ին նույն օրը, նույն ժամի դրությամբ մեկ տասնյակից ավելի խուզարկություններ են կատարվել և դրանցից առնվազն 2-ը՝ Գյումրու քաղաքապետարանի շենքում: Այնտեղ են գնացել քննիչները, նրանց աջակցող օպերլիազորներն ու ոստիկանության որոշ աշխատակիցներ, բայց ոչ մեծաթիվ:
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ մանրամասնելով, թե ինչու էին Գյումրու քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը մեծաթիվ ոստիկանական ուժեր կենտրոնացվել:
«Հետագայում, երբ պրոցեսն ընթացքի մեջ էր, մենք ականտես եղանք, որ համայնքի ղեկավարի տեղակալների, այլ պաշտոնատար անձանց կողմից հրապարակային հայտարարություններ արվեցին, որոնցով քաղաքացիներին կոչ էր արվում հավաքվել քաղաքապետարանի շենքի մոտ, խոչընդոտել վարույթն իրականացնող մարմնի օրինական գործողություններին և արգելել, որ քննիչն ի կատար ածի անձին ձերբակալելու որոշումը:
Այդ պահից սկսած նոր ուժեր ներգավվեցին, որպեսզի հնարավոր լիներ օրինական գործողությունները կատարել»,- ասաց Նահապետյանը:
Ինչու էր ձերբակալումից հետո վազում Վարդան Ղուկասյանը:
Պետրոս Ղազարյանի հարցին ի պատասխան, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ասաց.
«Հավանաբար նպատակն այն էր, որպեսզի այդ հավաքված բազմությունը հնարավորություն չունենար նրան հասանելիություն ունենալ»:
![]()
Հիշեցնենք՝ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ի սկզբանե ձերբակալվել էր 8 անձ, այդ թվում՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը:
Ոստիկանական գործողությունների ժամանակ բախումներ էին եղել Ղուկասյանի աջակիցների ու ոստիկանների միջև:
Բացի այդ՝ Վարդան Ղուկասյանի համակիրները ծակել էին ոստիկանության մեքենաների անիվները:
Վարդան Ղուկասյանը, Հենրիկ Գասպարյանը և ևս մի քանի անձ կալանավորվել են:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են նաև քաղաքապետարանի Կրթության բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատարներ Անահիտ Գասպարյանը, Բելա Ավագյանը, և առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Վարդուհի Փիլոյանը:
![]()