![]()
Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 15 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են տնային կալանքը և բացակայելու արգելքը, 1-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։
Հիշեցնենք՝ կալանավորվածների թվում են նաև փաստաբան Ռուբեն Մխիթարյանը, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր 2 թոռները՝ Գևորգ Ղուկասյանը և Նարեկ Ղուկասյանը:
Հիշեցնենք նաև՝ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ի սկզբանե ձերբակալվել էր 8 անձ, այդ թվում՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը:
Ոստիկանական գործողությունների ժամանակ բախումներ էին եղել Ղուկասյանի աջակիցների ու ոստիկանների միջև:
Բացի այդ՝ Վարդան Ղուկասյանի համակիրները ծակել էին ոստիկանության մեքենաների անիվները:
Վարդան Ղուկասյանը, Հենրիկ Գասպարյանը և ևս մի քանի անձ կալանավորվել են:
![]()