![]()
Առաջարկվում է լրագրող, մանկավարժ, հասարակական և մշակութային գործիչ Մարկ Վլադիմիրի Գրիգորյանին շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում:
Երևան քաղաքի 2807-րդ տարեդարձի առթիվ Երևան քաղաքի արվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար նկարիչ Տարոն Արտավազդի Մուրադյանին ևս կշնորհվի «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը:
Այս մասին հարցերը քննարկվել և ոևոշումներն ընդունվել են Երևանի ավագանու՝ հոկտեմբերի 23-ի նիստում:
Մարկ Գրիգորյանը ծնվել է Երևանում, զբաղվել է արհեստական բանականության լեզվաբանական խնդիրներով, բանասիրական գիտությունների թեկնածու է:
Մասնագիտական լրագրությամբ զբաղվել է 1993 թվականից Երևանում՝ որպես «Սվոբոդա» թերթի խմբագրի տեղակալ: Աշխատել է Լոնդոնում՝ BBC-ի ռուսական ծառայության ծրագրերից մեկում: 2015-2017 թվականներին հեղինակել և վարել է «Անծանոթ Երևան» ծրագիրը՝ պատմելով Երևանի զարգացման պատմության ընթացքի մասին, ներկայացրել մայրաքաղաքի համար մեծ նշանակություն ունեցող շենքերը, դրանց հեղինակներին, շենքերի հետ անմիջական առնչություն ունեցող մարդկանց: 2017-2018 թվականներին ղեկավարել է Հայաստանի հանրային ռադիոընկերությունը, վարել է ռադիոհաղորդում՝ նվիրված Երևանին: 2019-2023 թվականներին եղել է Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենը, 2023-2024 թվականներին՝ տնօրենի պաշտոնակատարը:
Մարկ Գրիգորյանը Երևանի մասին աշխատությունների հեղինակ է, տպագրել է տասնյակ հոդվածներ, վարել բազմաթիվ հարցազրույցներ, որոնց ընթացքում խոսվել է Երևանի ճարտարապետության զարգացման խնդիրների և հեռանկարների մասին: Նա ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռն է:
Տարոն Մուրադյանը Նկարիչների միության անդամ է, ունեցել է անհատական ցուցահանդեսներ Փարիզում, Նյու Յորքում, Ժնևում, Երևանում:
Մասնակցել է նաև խմբային ցուցահանդեսների Հայաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոլանդիայում և այլ երկրներում:
![]()