Ամեն հավատացյալի խնդրի դեպքում ղողանջո՞ւմ են եկեղեցու զանգերը, թե՞ միայն Վարդանիկն է նրանց զավակը. տեսանյութ

Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, անդրադառնալով այս որոշմանը, ասում է՝ փաստերն արդեն ապացուցում են, որ խաղաղությունը հաստատված է:

«Օգոստոսի 8-ից հետո մենք պնդում էինք, որ այն պատմական փաստաթուղթ է, իսկ ընդդիմությունը պնդում էր, որ հերթական կապիտուլյացիան է. սա հերթական ապացույցն է մեր պնդումների ճշմարտացիության: Շատ ուրախ եմ, որ Ադրբեջանն է արել առաջին քայլը: Վարչապետն ասել է՝ մեր հաջողության գրավականն է մեկ կախվածությունը փոխարինել բազմաթիվ կախվածություններով: Երբ կախվածությունն էլ ես դիվերսիֆիկացնում, այդպիսով ձեռք ես բերում ազատություն: Մենք այսօր տարանցիկ առևտրի համար ունենք մեկ ճանապարհ, որն էլ, ըստ քաղաքական իրավիճակի, բացվում և փակվում է: Նույնիսկ եթե մենք երկնքից աստղեր բերենք, այսօրվա ընդդիմությունը այդտեղ ազգային ինքնությունը վտանգող մի բան կգտնի»,- նկատում է նա:

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ պատգամավորն ասում է՝ Թուրքիան է փակել սահմանը և այդպիսով մեզ գցել կախվածության մեջ. ՀՀ-ի շահերից է բխում էդ սահմանի բացումը. «Կարծում եմ՝ բանակցությունները արդյունք կտան»:

Խոսելով ներքաղաքական իրադարձությունների, մասնավորապես՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ կապված դեպքերի և կալանավորման մասին՝ Բադալյանն ընդգծում է՝ համակարծիք չէ ընդդիմության ներկայացուցիչների հետ, թե նա քաղաքական հետապնդման է ենթարկվում:

«Դժվարանում եմ Վարդան Ղուկասյանին պատկերացնել որպես քաղաքական հալածյալ: Վարդան Ղուկասյանը մեր ժողովրդին երկար ժամանակ հալածում էր, զավեշտալի էր տեսնել, թե ինչպես ձայն կտան նրան, և զավեշտալի էր, որ որոշ քաղաքական գործիչներ ինչ-որ վարժություններով նրան դարձրին քաղաքապետ: Ամեն հանցագործ պիտի կրի իր պատիժը․ այստեղ քաղաքականության մասին խոսք չի կարող լինել»,- ասում է նա:

Ղուկասյանի ձերբակալման ժամանակ անդադար ղողանջում էին եկեղեցու զանգերը. իշխող ուժի անդամը հարց է հնչեցնում՝ յուրաքանչյուր քաղաքացու խնդիր ունենալու դեպքում արդյոք ղողանջո՞ւմ են եկեղեցու զանգերը. «Եթե նա քաղբանտարկյալ է, ապա նրա նման քաղաքական գործիչների համար քաղաքականությունն սկսվում և ավարտվում է կաշառքով: Վարդան Ղուկասյանի մեղքերը շատ են, չեն սահմանափակվում միայն այս դրվագով»:

Ինչ վերաբերում է Գարեգին Բ-ին, Լուսինե Բադալյանը կարծիք է հայտնում՝ ասելով. «Որպեսզի չվարկաբեկվի եկեղեցին, մի լուծում կա՝ Կտրիճ Ներսիսյանը հրաժարական տա: Արամ քահանային կարգալույծ անելով՝ եկեղեցու բարի համբավը չի վերականգնվում»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ