Ցորենը Ղազախստանից ավելի էժան է գալու. ձեր իշխանության օրոք են երկաթգիծը քանդել, մետալալոմ արել. Ռուբինյան

Ցորենը Ղազախստանից ավելի էժան է գալու, քան կգար Ուկրաինայից:

Այս մասին Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 22-ի նիստին հայտարարել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի դիտարկումներին, թե ցորենը ոչ թե երկաթգծով է անցնելու Ադրբեջանի տարածքով և մտնելու է Իջևան, այլ գալու է հասնելու է Վրաստան և Վրաստանով մտնելու է Հայաստան:

Այս համատեքստում ընդդիմադիր պատգամավորը կարծիք էր հայտնել, թե դիվերսիֆիկացման արդյունքում կարելի էր ցորեն ներկրել նաև Ուկրաինայից, Ռուսաստանից, և Վրաստանի տարածքով այն ևս կմտներ Հայաստան:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր հերթին նշել էր, թե ընդդիմադիրների պահանջն է բոլոր ճանապարհների միաժամանակյա ապաշրջափակումը, որը ներառում է Հայաստան-Հայաստան ճանապարհի ապաշրջափակումը Նախիջևանի միջոցով, որն անհնար է, քանի դեռ Սադարակ-Երասխ երկաթուղին կամ անցումը կառուցված չէ, դա ներառում է Իջևան-Ղազախ ճանապարհի ապաշրջափակումը:

Այս դիտարկումներին Ռուբեն Ռուբինյանը պատասխանել է. «Իջևանի երկաթգիծը չի գործում: Գոյություն չունեցող երկաթգծով անհնար է բան ներկրել: Մեղրիի երկաթգիծն էլ քանդված է: Ձեր իշխանության օրոք Մեղրիի երկաթգիծը քանդել են, մետալալոմ են արել:

Մենք ոչ միայն կողմ ենք, որ միաժամանակյա բացվեն, այլև եթե մինչև դա կարող են մեզ համար բաներ բացվել, թող բացվեն: Ի՞նչ խնդիր կա: Վա՞տ է, հա՞, որ մեզ համար ոչ միաժամանակյա, բայց բան է բացվում: Ես զարմանում եմ՝ ոնց եք դուք հաջողացնում պարզ բանի սենց պատասխանել: Եկեք ասեք՝ լավ բան է, հույս ունենք՝ կշարունակվի:

Ասում եք՝ նվաճողը սիրում է խոսել խաղաղության մասին: Լա՛վ, որ մեջբերում եք դասականին, շա՛տ լավ, մի հատ կկողմնորոշվե՞ք: Ադրբեջանից հնչում է ապակառուցողական, թշնամական հայտարարություն, ասում եք՝ ահա, ձեր ամբողջ խաղաղության օրակարգը կեղծ է, քանի որ Ադրբեջանից հնչում են ռազմատենչ հայտարարություններ: Ադրբեջանից հնչում է խաղաղասիրական հայտարարություն, գալիս ասում եք՝ սա այն պատճառով է, որ նվաճողը սիրում է խաղաղություն: Այսինքն՝ ձեզ գոհացնելու ձև չկա՞, թե՞ կա, ուղղակի դուք դասական ռեժիմի մեջ եք, կողմ ըլլալով դեմ ըլլալն է ձերը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ