Հայտնի է «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի՝ Հայաստանի պատվիրակը

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում կներկայացնի Ալբերտը:

Այս մասին հայտնել է Առաջին ալիքը:

Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 80-ից ավելի հայտ էր ստացվել: Տեղի և միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 12-ամյա Ալբերտը։

Ալբերտը երգի աշխարհում իր առաջին քայլերը կատարել է 6 տարեկանում։ 2018-ից նա հետևում է Եվրատեսիլին՝ որպես հավատարիմ երկրպագու, իսկ վերջին 3 տարիներին նա եռանդով փորձում է իրականություն դարձնել իր երազանքը՝ մասնակցել մանկական Եվրատեսիլին։

Հայաստանյան պատվիրակի մրցութային երգը և տեսահոլովակը կհրապարակվեն շուտով:

«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում` դեկտեմբերի 13-ին, «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո։

Ժյուրիի կազմում են եղել Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը, Հանրային հեռուստաընկերության կրեատիվ պրոդյուսեր Աննա Թադևոսյանը, երգիչ Արամ MP3-ն, երգչուհի Ժակոն, ռեժիսոր Արթուր Մանուկյանը, երգահան Լիլիթ Նավասարդյանը և երգահան, երաժշտական պրոդյուսեր Նիկ Էգիբյանը:

Հաշվի է առնվել նաև միջազգային մասնագետներից բաղկացած ֆոկուս խմբի կարծիքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ