![]()
Ես եթերում շեշտել եմ, որ գնացել եմ պարտադրված ցույցերի: Սա ապատեղեկատվություն չէ: Քահանաներին ցանկագրել են, թե որ օրը ով պետք է լինի և դա արդեն Քննչական մարմինն ունի:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանա Ասատրյանը՝ նշելով, որ այն ինչ տեղի է ունեցել իր նկատմամբ, օրենքի խախտում է:
«Ես գնալու եմ առաջ, իմ ժողովուրդն իմ հետ է, որովհետև վերջապես օրենքը ամեն անհատից պետք է բարձր լինի»,- ասաց նա:
Եթե այդ ժամանակ քահանան գնացել է պարտադրված հանրահավաքի, ինչն է պատճառը, որ այդ մասին միայն 3 տարի անց է բարձրաձայնում:
Հարցին Տեր Արամ քահանա Ասատրյանն ասաց՝ յուրաքանչյուր մարդ ունի լավատեսություն, հավատ և հույս: Այդ տարիներին՝ 2021, 2023 թթ, երբ գնացել են այդ հանրահավաքներին, այնպես չէ, որ իրենց սրտով են եղել:
Բայց մենք մի բան գիտեինք, քանի որ եկեղեցում կար վախի մթնոլորտ, մենք այդ վախի մթնոլորտը, ինքս իմ մասով կասեմ, չէինք կարող հաղթահարել: Իսկ ես, երբ ֆեյսբուքյան գրառում էի արել, գրել էի, որ ես իմ վախերը հաղթահարել եմ: Այդ հարցում ինձ օգնեց գիտակցությունս, որ եկեղեցին իմ անձից բարձր է»,- ասաց քահանան:
Ավելի վաղ կարգալույծ հռչակված Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը սոցցանցի իր էջում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ կիրակի օրը հրավիրում է բոլորին Սուրբ Հովհաննավանք՝ մասնակցելու Սուրբ և Անմահ պատարագին։
«Սուրբ պատարագը կմատուցեմ ես՝ Ձեր Տեր Արամ քահանան»,- մասնավորապես ասել էր նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ սոցցանցի իր էջում տեսանյութ էր հրապարակել և գրել.
«Կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ և Անմահ պատարագին»:
![]()