![]()
Բնականաբար չեմ հեռանալու, իմ ժողովուրդն ուզում է, որ ես ծառայեմ իրեն:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանա Ասատրյանը:
«Շարունակելու եմ իմ ծառայությունն իմ ժողովրդին՝ Հովհաննավանքում: Ես հենց նոր մկրտություն գրանցեցի և այդ մարդիկ, նաև ուրիշ sms-ներ կարող եմ ցույց տալ, որ ասում են՝ մենք իրենց որոշումը (կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ հռչակվելու մասին է խոսքը-խմբ.) առոչինչ ենք համարում և մեր պսակադրությունն ու մկրտությունը դուք պետք է անեք: Ժողովուրդը շատ լավ հասկանում է ինչ են անում, ինչին են խփում:
Երբ որ իրենք ինձ անվանում են հակաեկեղեցական, ես հիմա հակառակն եմ ասում, հակաեկեղեցականը հենց իրենք են, որովհետև եթե լինեին իրենք եկեղեցական, բանն էստեղ չէր հասնի»,- ասաց նա:
Ավելի վաղ կարգալույծ հռչակված Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը սոցցանցի իր էջում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ կիրակի օրը հրավիրում է բոլորին Սուրբ Հովհաննավանք՝ մասնակցելու Սուրբ և Անմահ պատարագին։
«Սուրբ պատարագը կմատուցեմ ես՝ Ձեր Տեր Արամ քահանան»,- մասնավորապես ասել էր նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ սոցցանցի իր էջում տեսանյութ էր հրապարակել և գրել.
«Կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ և Անմահ պատարագին»:
![]()