![]()
Հոկտեմբերի 20-ին ձերբակալված Գյումրու գլխավոր ճարտարապետն ու ևս մեկ անձ կալանավորվել են:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2 ամսով կալանավորվել է նաև Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Հիշեցնենք՝ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը:
Համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանք, կաշառք տվողներից մեկի նկատմամբ՝ տնային կալանք, իսկ մյուսների մասով քննությունը շարունակվում է։ Պաշտոնատար անձանց մասով կայացվել են նաև պաշտոնավարումը կասեցնելու մասին որոշումներ։
Դիմակավորված ուժայինները, հատուկ գործողություն իրականացնելով, Գյումրիի քաղաքապետարանի հետնամուտքից դուրս էին հանել, ձերբակալել ու տարել քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Նրան տեղափոխել էին Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։
Ոստիկանական գործողությունների ժամանակ բախումներ էին եղել Ղուկասյանի աջակիցների ու ոստիկանների միջև:
Բացի այդ՝ Վարդան Ղուկասյանի համակիրները ծակել էին ոստիկանության մեքենաների անիվները:
![]()