Ադրբեջանի որոշումը կարևոր նշանակություն ունի խաղաղության օրակարգի առաջմղման գործում. ՀՀ փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին: Նա պատասխանել է «Արմենպրես»-ի հարցին՝ բարձր գնահատելով Ադրբեջանի և Ղազախստանի իր գործընկերների ներդրած ջանքերն ու այդ ուղղությամբ իրականացված աշխատանքը։

Ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի ուղղությամբ բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման վերաբերյալ հայտարարությունը, հարցին, փոխվարչապետը պատասխանել է.

«Ինչ խոսք, ուրախ եմ և ողջունում եմ Ադրբեջանի Հանրապետության նախագահի որոշումը՝ Հայաստանի ուղղությամբ բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման վերաբերյալ։ Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման և խաղաղության օրակարգի առաջմղման գործում։

Բարձր եմ գնահատում Ադրբեջանի և Ղազախստանի գործընկերներիս ներդրած ջանքերն ու այս ուղղությամբ իրականացված աշխատանքը»։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ