![]()
Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստը:
Նիստի սկզբում ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 28 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Պետրոս Մեղրյանին:
ԱԺ կազմը համալրած Պետրոս Մեղրյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, երդվել է ԱԺ ամբիոնից.
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանությանը և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:
Շնորհակալ եմ»:
Ռուբինյանը շնորհավորել է նորընտիր պատգամավորին, ինչից հետո պատգամավորները ծափերով ողջունել են Մեղրյանին:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Արեգնազ Մանուկյանի պատգամավորի մանդատը տրվել է Պետրոս Մեղրյանին:
![]()