![]()
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանի՝ վաղվանից քաղաքապետարանի գործադուլի վերաբերյալ հայտարարությանը և գրել.
«Գյումրու քաղաքապետարանը անժամկետ գործադուլ է հայտարարում։ Դե հա, բա ինչի՞ պիտի Գյումրու բնականոն աշխատանքները կատարեն, քաղաքի մաքրության, ասֆալտապատման և այլ հարցերով զբաղվեն։
Կաշառակերությամբ բա ո՞վ զբաղվի։
Կաշառակերներ»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը, որը նաև Վարդան Ղուկասյանի փեսան է, Ղուկասյանի ձերբակալումից հետո հայտարարել է, որ վաղվանից քաղաքապետարանը հայտարարում է անժամկետ գործադուլ, իսկ իրենք մեկնում են Երևան, քանի որ չեն հասկանում, թե ինչ է կատարվում, և ինչի համար է ձերբակալվել քաղաքապետը:
Հիշեցնենք՝ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը:
Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է կաշառքի պայմանավորվածությունների մասին վկայող ձայնագրություն:
Ոստիկանական գործողությունների ժամանակ բախումներ են եղել Ղուկասյանի աջակիցների ու ոստիկանների միջև:
Բացի այդ՝ Վարդան Ղուկասյանի համակիրները ծակել են ոստիկանության մեքենաների անիվները: Այս գործողություններին ընթացքում անդադար ղողանջել են եկեղեցիների զանգերը:
![]()