Վարդանիկն ասում է՝ եկեղեցուն 10 հազար պարտք եմ. դրա համա՞ր էին եկեղեցու զանգերը ղողանջում. Չախոյան. տեսանյութ

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի խոսքով՝ անեկդոտի ժանրից է, թե Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կարող է քաղաքական հակառակորդ դառնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար:

Ըստ նրա՝ բացեիբաց, ժողովրդական լեզվով ասած՝ ափաշկարա կոռուպցիա են արել այս մարդիկ:

Չախոյանը հիշեցնում է՝ իշխող ուժը դեռ ընտրությունների ժամանակ էր զգուշացրել, որ նման պատկեր կարող է ստեղծվել, եթե Վարդան Ղուկասյանը (Վարդանիկ) դառնա քաղաքապետ. «Փաստացի ապացուցվեց՝ կարմիր կովը երբեք կաշին չի փոխում»:

Զրուցակցի նկատառմամբ՝ տարբեր վարույթներով անցնող մարդիկ մասնակից են դառնում քաղաքական պրոցեսներին, որպեսզի նման դեպքերում քաղաքական զոհ ներկայանան:

Չախոյանը միաժամանակ նկատում է. «44-օրյա պատերազմի ժամանակ զանգերը չղողանջեցին, բայց կոռուպցիոն սխեմայի պարագլուխ Վարդանիկի համար Կտրիճ Ներսիսյանը հանձնարարեց անընդմեջ հնչեցնել Գյումրու եկեղեցու զանգերը: Փաստացի Կտրիճ Ներսիսյանը պաշտպան է կանգնում կոռուպցիոներներին: Ի դեպ, Վարդանիկը ձայնագրության մեջ ասում է՝ եկեղեցուն 10 հազար պարտք եմ: Հարց եմ ուզում տալ՝ մեր եկեղեցին էդքան հարո՞ւստ է, որ Վարդանիկին պարտքով փող է տալիս կամ էլ վաշխառությամբ է զբաղվում: Իսկ կարո՞ղ է Կտրիճ Ներսիսյանը Վարդանիկի կոռուպցիոն սխեմայի մեջ փայ ուներ․ դրա համա՞ր էին եկեղեցու զանգերը ղողանջում, թե՞ մտածում էին, բա որ Վարդանիկին փակեն, էդ 10 հազարը ո՞վ ա տալու»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն ասում է՝ բազմաթիվ հոգևորականներ են դիմում իրեն, ասում, որ իրենց նկատմամբ կան ճնշումներ քաղաքական պրոցեսներին մասնակցելու առումով. «Դուք նկատե՞լ եք, թե քանի հոգևորական կա Տաշիր Սամոյի համար կազմակերպված հանրահավաքներին: Կտրիճ Ներսիսյանը կոմֆորտ զոնա է ստեղծել իր համար, հավաքվում, թայֆաբազությամբ են զբաղվում, հոգևոր հոտին էլ ասում են՝ ուզում եք՝ սա է, չեք ուզում՝ սա է, թքած ունենք բոլորիդ կարծիքի վրա, յոլա գնացեք»:

Չախոյանը շեշտում է՝ ՀՀ-ում օրենքի առաջ հավասար են բոլորը, այդ թվում՝ ՀՀ վարչապետը և Կտրիճ Ներսիսյանը, և իրավապահները որևէ հարցում չեն կարող կաշկանդված լինել:

«Երազում ենք, որ վեհափառ հայրապետը դուրս գա իր հոտի հետ շփվի: Հոգևոր հոտը միայն Տաշիր Սամոյի շրջապա՞տն է, բա հանրության մյուս մասը, թե՞ մնացածը միլիարդատեր չեն, դրա համար չեն շփվում: 2018-ից առաջ տեղի ունեցող հանրահավաքների ժամանակ Կտրիճ Ներսիսյանի հոգևորականները գալիս հանգստացնում էին մարդկանց, ասում՝ կրքերը չլարեք, մի զուլում կբերեք գլխներիդ: էն ժամանակ միտինգ ցրող էին աշխատում, հիմա՝ միտինգ կազմակերպող»:

Անդրադառնալով հարցին, թե ինչու մինչև հիմա կալանավորված չէ Ռոբերտ Քոչարյանը, պաշտոնյան ասում է՝ հարցն իրավապահների տիրույթում է՝ միաժամանակ ընդգծելով. «Պողոս Պողոսյանի սպանությունը եղավ, Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ ես դրանից տեղյակ չեմ եղել, «Մարտի 1»-ը եղավ, ասում է՝ ես դրանից տեղյակ չեմ եղել, ինչ կապ ունեմ: Երևանի կենտրոնում 10 մարդ են տվել սպանել, Քոչարյանը դրանից տեղյակ չի եղել․ կներեք, կարո՞ղ է ոչ թե նախագահ, այլ տանձի պոչ կամ մեխի գլուխ է աշխատել: Փաստորեն Քոչարյանի մոտ միակ բանը, որ լավ է ստացվել, հարստանալն է՝ Տանզանիայում ոսկու հանքի տեր դառնալը և Հունաստանում առանձնատուն ունենալն է»:

Ինչ վերաբերում է «Մեր ձևով» շարժմանը, նա պնդում է՝ կազմակերպիչները կեղծ տվյալներ են դաշտ նետում, թե 30 հազարից ավելի մարդ է մասնակցել վերջին հանրահավաքին. «Ազատության հրապարակում ֆիզիկապես չի կարող կանգնել 30 հազար մարդ, պարզ տգիտության հետ գործ ունենք: Ասում են՝ մասնագետների թիմ ենք հավաքելու, պաստառի վրա ինչ էին գրել՝ «ազատուտություն»․ սա՞ է ձեր պրոֆեսիոնալությունը: Օրը հազար անգամ կրկնում են ազատություն բառը, բայց անգամ էդ բառը գրել չգիտեն: Էս երիտասարդները չեն ձգելու, գալու են կանգնեն Նիկոլ Փաշինյանի դեմը և ի՞նչ ասեն, ասեն՝ 30 տարվա հորս տղեն եմ ու հպարտ եմ դրա համար: Մանկապատանեկան էս մանրապատումը ինչ է նշանակում»:

Եզրափակելով Չախոյանը համոզմունք է հայտնում, որ «Գյումրի 2» սցենարը այլևս չի կրկնվելու:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ