![]()
Օրերս «Gulf» ընկերության կողմից անցկացված «անվճար բենզին» ակցիան զգալի արձագանք ստացավ Հայաստանում՝ ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական մակարդակում։ Այն, ինչ կարելի էր ընկալել որպես միջազգային բիզնեսի մուտք հայաստանյան շուկա և սպառողին առավելություններ առաջարկող մարքեթինգային նախաձեռնություն, որոշ քաղաքական շրջանակների կողմից դարձավ հանրահավաքային մանիպուլյացիայի առարկա։
«Gulf» բենզալցակայանների նախաձեռնած ակցիան նախատեսված էր դեռ շատ վաղուց, երբ մեր «քաղաքական եզերը» այդ ակցիայի մեջ դեռ դավադրական եզրույթ չէին գտել։
Ակցիան՝ դասական մարքեթինգային քայլ էր՝ ուղղված նոր շուկայում ճանաչելիության բարձրացմանը, վստահության ձևավորմանը և հաճախորդների հոսքի խթանմանը։
Նմանատիպ ակցիաները նորություն չեն միջազգային շուկաներում։ Նույնիսկ խոշոր ընկերությունները՝ տարբեր երկրներում կիրառում են նման ռազմավարություն՝ որպես սպառողին գրավելու միջոց։
Սակայն Հայաստանում «ձևիստները» սկսեցին քաղաքական շահարկումը։
Քաղաքական թափառաշրջիկ ընդդիմությունը ակցիան օգտագործեց ոչ թե որպես տնտեսական մրցակցության ակտիվացման օրինակ, այլ՝ որպես հերթական քարոզչական գործիք։
Հանրահավաքային հարթակում հնչեցին մի շարք պնդումներ։
Ակցիան ներկայացվեց որպես «քողարկված ծրագիր», իբր արտասահմանյան կապիտալի և իշխանության միջև գաղտնի պայմանավորվածության արդյունք։ Իշխանություններին մեղադրեցին, թե փորձում են սոցիալական դժգոհությունները մեղմել՝ բենզինի միջոցով շեղելով ուշադրությունը։
Սակայն փաստերը հստակ են․ ակցիան իրականացվել է մասնավոր ընկերության կողմից, առանց որևէ պետական աջակցության կամ մասնակցության։ Ավելին՝ ակցիան նախատեսված էր վաղուց, երբ «հոպարապետների» հանրահավաքի մասին դեռ խոսակցություն չկար։
Ընդդիմության արձագանքը միտված էր ոչ թե հասարակության շահերի պաշտպանությանը, այլ՝ ցանկացած դրական նախաձեռնության քաղաքականացմանը։
Այս մոտեցումը ցույց է տալիս ընդդիմության ռազմավարական ուղեգիծը՝ ցանկացած շարժ, թեկուզ դրական՝ ներկայացնել որպես դավադրություն կամ մանիպուլյացիա։
Ակնհայտ է, որ այստեղ խնդիրն արդեն բենզինի ակցիան չէ, այլ քաղաքական չեղած օրակարգի պաշտպանությունը։ Նույնիսկ մասնավոր բիզնեսի ցանկացած նախաձեռնություն դիտարկվում է որպես վտանգ, եթե այն դուրս է ընդդիմադիր շրջանակների վերահսկողությունից։
Այս մոտեցումը հասարակությանը փոխանցում է ուղերձ՝ «չկա լավ բան, եթե այն մեր ձեռքով չի արվել»։ Սա ոչ միայն սխալ է, այլև վտանգավոր՝ հատկապես տնտեսապես զարգանալու ձգտող երկրի համար։
Վերջին տարիներին Հայաստանի վառելիքի շուկան աստիճանաբար ազատականացվում է։ Նոր բիզնես խաղացողների մուտքը խաթարում է նախկինում գործող մենաշնորհային կառուցվածքները։ Մինչդեռ ընդդիմության արձագանքը ոչ թե սպառողի շահերի պաշտպանություն էր, այլ՝ հին համակարգի շահերի պաշտպանության։ Քննադատությունները, որքան էլ որ հռետորաբանորեն հնչեղ լինեին, իրականում ծառայում են ոչ թե հասարակության, այլ փակ շուկայի և նեղ անձնական շահերին։
«Gulf»-ի ակցիան քաղաքականացվեց, որովհետև ընդդիմադիր դաշտը այն վերածեց քարոզչական գործիքի։
Փաստերի բացակայության պայմաններում հնչած մեղադրանքները ոչ միայն մոլորեցնող էին, այլ նաև հարվածում էին հանրային վստահությանը։
Այս դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչպես կարող են դրական նախաձեռնությունները վերափոխվել քաղաքական սպառնալիքների, երբ առաջնայինը ոչ թե հանրային բարիքն է, այլ քաղաքական օրակարգի պահպանումը։
Մկրտիչ Իսրայելյան
![]()