![]()
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանի՝ վաղվանից քաղաքապետարանի հայտարարելիք գործադուլին և գրել.
«Վարդանիկի փեսան՝ թյուրիմացաբար Գյումրու փոխքաղաքապետ դարձած իսանը, հայտարարել է, որ վաղվանից Գյումրու քաղաքապետարանն անժամկետ գործադուլի է անցնում: Ողջ քաղաքակիրթ աշխարհում գործադուլ անում են աշխատողները ընդդեմ գործատուի աշխատանքային կոլեկտիվ վեճերի դեպքում: Բայց գործատուի կողմից արվող գործադուլը հիրավի նոր խոսք է համաշխարհային աշխատանքային իրավունքի ասպարեզում: Ո՞ւմ դեմ է այս «գործադուլը»: Այս «գործադուլը» հակաօրինական է, ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում նման հնարավորություն, իսկ այ անգործության համար քրեական պատասխանատվություն նախատեսում է: Կպեք ձեր գործերին, պարոնա՛յք: Սատանի մայլեն քյանդրբազություն մի՛ արեք»:
Ավելի վաղ հայտարարել էինք, որ Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը, որը նաև Վարդան Ղուկասյանի փեսան է, Ղուկասյանի ձերբակալումից հետո հայտարարել է, որ վաղվանից քաղաքապետարանը հայտարարում է գործադուլ, իսկ իրենք մեկնում են Երևան, քանի որ չեն հասկանում, թե ինչ է կատարվում, և ինչի համար է ձերբակալվել քաղաքապետը:
Հիշեցնենք՝ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը:
Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է կաշառքի պայմանավորվածությունների մասին վկայող ձայնագրություն:
Ոստիկանական գործողությունների ժամանակ բախումներ են եղել Ղուկասյանի աջակիցների ու ոստիկանների միջև:
Բացի այդ՝ Վարդան Ղուկասյանի համակիրները ծակել են ոստիկանության մեքենաների անիվները: Այս գործողություններին ընթացքում անդադար ղողանջել են եկեղեցիների զանգերը:
![]()