Վարդան Ղուկասյանին ընդդիմադիր առաջին պլան բերելուց առաջ պետք է հստակ հասկանային, որ հիմքը խախուտ է. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով Գյումրու համայնքապետարանում տեղի ունեցող իրադարձություններին, ձերբակալություններին և ընդդիմության արձագանքին, գրել է.

«Գյումրիում իրավապահների հետ «ընդդիմադիրների» սադրած դեբոշի պատճառը ամենևին Վարդան Ղուկասյանը չէ, այլ ձեռքներից իշխանության գնալը։ Մանավանդ որ իրենք էլ անգիր գիտեն, որ Գյումրիում քաղաքային իշխանությունը ձեռք է բերվել ոչ թե ընտրողների ճնշող մեծամասնության քվեի վրա, այլ ՏԻՄ-ի մասին օրենքի աճպարարությունների։

Քաղաքականության մեջ ներխուժած սուբյեկտների քաղաքագիտական տգիտությունն այնքան է, որ Վարդան Ղուկասյանին «ընդդիմադիր առաջնորդության» առաջին պլան բերելուց առաջ պետք է հստակ հասկանային, որ հիմքը խախուտ է ոչ միայն Վարդան Ղուկասյանի անցյալի խոցելիության ( պարզվեց՝ նա կարող է այնքան անխելք ու անբանական էլ լինել, որ նոր կաշառքի հարցեր էլ քննարկի), այլ նշված փաստով, ու ակնկալել Գյումրում համաժողովրդական աջակցություն, դա ուղղակի ռոմանտիկայի ժանրից է։ Գյումրում էլ մարդկանց մեծամասնությունը բանական է, ոչ ամենևին կաշառքի ու կեղծիքի կողմնակից։ Բայց դե մեր «ընդդիմադիրները» այդքան խելք չունեին, որ քաղաքական իրավիճակը Վարդան Ղուկասյանով գրգռելու դեպքում ժողովրդական շարժում չի ձևավորվելու ու չի կարող։ Էլ չասած, որ նրա քվեն ստացվել է բացարձակ այլ գործոնների շնորհիվ, որոնք քաղաքական չեն կամ քաղաքականության հետ կապ չունեն։

«Ընդդիմադիրները» փորձում են արագի մեջ ու հուսահատ նրա ձերբակալությանը «ազգային» երանգ հաղորդել, թեպետ այդտեղ էլ կատարյալ հակաքաղաքագիտական հաշվարկ է․ խնդիրն այն է, որ ազգային ինքնության, խորհրդանիշերի, ինստիտուտների թեմաներով անասելի վարկաբեկել են ռադիկալ ու չափավոր ազգայնականությունը այն աստիճան, որ ամեն գող, ավազակ սկսել է թաքնվել Եկեղեցու, կնքից հանված Արարատ սարի ու այլ թեմաների տակ։ Իսկ բանական մարդը, բանական գյումրեցին, չի կարող այդ կեղծիքը գնել ու հավատալ, թե նրանք թուրքից հային պաշտպանող, Եկեղեցին, Արարատ լեռը կամ այլ խորհրդանիշեր «խմբակից փրկող» դեմքերն են։

Այս ամենը լավագույն դիդակտիտ նյութերից է երիտասարդ քաղաքագետների համար, թե ինչպես հակաքաղաքագիտությունը, վատ կրթությունը կարող են քաղաքական սուբյեկտին անընդհատ կանգնեցնել նույն փոցխի վրա հայտնի, սպասելի հետևանքով․․․»,- գրել է Սաֆարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ